Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևի Քրիստոսի պակաս թողածը սա է ուզում լրացնել։ Հետո մոտենալով Սողոմոնին, հարցրին.— Է՜յ, ուստա Սողոմոն, էստեղ ի՞նչ էս շինում, էդ ի՞նչ էս չափում չափչփում մտքիդ խորն ընկած։

— Ձեզ համար գերեզմանատեղ եմ չափում,— պատասխանում է Սողոմոնը։— Քրիստոս ինձ հրամայեց, որ այս դժոխքի տեղը մի մեծ տաճար շինեմ, իմ Երուսաղեմում շինած տաճարիս ձևով, այն զանազանությունով միայն, որ այս տաճարն իր հիմքի տակ պիտի ունենա մի կամարակապ խոր անդունդ, ուր պիտի ամփոփեմ ձեզ, որ այնտեղ մնաք հավիտյան և էլ լույս աշխարհ չտեսնեք։ Սատանեքն ասում են․

— Ի՞նչ ես ասում, Սողոմոն, այդ ինչ անգութ մարդ ես դու. աշխարհի վերա մեզ քի՞չ տանջեցիր, հիմա էլ էստե՞ղ ես ուզում տանջել։ Ո՛չ, այդ քեզ չի հաջողվիլ, այս մեր բնակարանն է... եկե՛ք, եկե՛ք, Ուրիել, Սադայել, Դակուել... բոլոր դևերն իմաց են տալիս մեկ մեկու, հավաքվում են և Սողոմոնին ցիմ-ցիմ վեր են կալնում, դժոխքիցը հանում ու դնում դրախտի ճանապարհի վերա։ Այսպես գնաց Սողոմոնը, որ դրախտն ընկնի, ճանապարհին՝ Ձիթենյաց սարի տակով անց կենալիս վերև մտիկ տվավ, տեսավ Ադամին Քրիստոսի կողքին նստած։ Սողոմոնը Ադամին որ տեսավ, ասեց՝ «Օրհնյա՛ տեր», Ադամն էլ իր ձեռքը Քրիստոսի կուրծքին դնելով՝ ասեց՝ «Աստված օրհնե»... Քրիստոսն էլ Սողոմոնի իմաստությունը գովեց, թե՝ «Ես ինքս գիտեի, որ դու դժոխքումը կենող պտուղ չես»... Ահա էսպես, հիմա իմացա՞ր։

— Իմացա՛, իմացա․․․ Ես հիմա երկու բան սովորեցի. մեկ՝ թե դժոխքումը քանի հոգի կան, մեկ էլ որ՝ թե «օրհնյա տերն ու աստված օրհնեն» ինչ ժամանակից է մնացել և ով է եղել դրա առաջին ասողը... Հիմա ես ամեն բան էլ գիտեմ, մնացել են էն բաները միայն, որ գրքերումը չկան։

— Չէ՛, որդի, էլի շատ գրքեր կան, որ դու դեռ չես տեսել... ճարտասանություն, տրամաբանություն, Սաղմոսի մեկնություն, էլի ուրիշ հազար ու մեկ մեկնություններ կան։ Ես չունիմ էդ գրքերը, թե չէ ես ինքս կսովրեցնեի։ Բայց էլ ինչի՞դ է պետք, որդի, շատ կարդալը․ չես լսե՞լ, որ ասում են՝