Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տաթևացու հատորների մեջն էր ամփոփված։ Այս հանգամանքի վերա կարժե մի փոքր ուշադրություն դարձնել։ Թող հնագետն ու պատմաբանը իրենց հետազոտությունն անեն, իսկ նրանք, որոնք կոչված են լույս սփռելու մեր աշխարհի խավար անկյուններում, թող տեսնեն գրքերի ազդեցությունը ժողովրդի մտավոր զարգացման վերա...

Մեր տերտերը և նրա հետ բոլոր փոքրիշատե աչքի ընկնող նշանավոր կամ աննշան աստվածաբաններն ու քարոզիչները ի մանկութենե ձգտում են ունեցել դեպի բարին, դեպի կատարյալը, բայց այդ ձգտումը նրանց տարել է դեպի խավարի խորքը, որովհետև խավար էր նրանց շրջապատող կյանքը։ Այդ բանը հառաջ է գալիս ահա ինչպես.— մեկ երեխայի մեջ ինչ-ինչ պատճառով գոյանում է ձգտումն դեպի գրագիտությունը։ Ստիպում է նա իր ծնողացը, որ նրան տան գեղի տիրացուին կամ տերտերին՝ գիր սովորելու համար։ Ծնողքը կատարում են նրա խնդիրքը, տեսնելով, որ հիրավի՛ , նա շատ սրամիտ է, տան մեջ ինչ որ երգում են, իսկույն սովորում է, հեքիաթ, առակ են ասում, նա կրկնում է, կրկնում է և աշըղների երգածները. այս հանգամանքն արդեն համսարվում է առանձին ընդունակության հատկանիշ, որովհետև ինչպես մեծերի, նույնպես և փոքրերի աշխարհում կան զանազան տիպեր, որոնք թեև դեռ լավ չկազմակերպված, բայց շատ լավ որոշվում են միմյանցից։ Պատանի տաղանդը տիրացուի կամ խալիփայի գիտությունը սեփականելուց հետո համարվում է ուսումնավարտ։ Գնում է նա այնուհետև տերտերի հետ թաղման, մկրտության, հարսանիքի, մի խոսքով վաղօրոք ընկնում է հասարակության մեջ, ընկնում է ծերերի շարքը, քեդխուդաների հետ է նստում վեր կենում։ Այս հանգամանքից մեծ օգուտ է քաղում նրա հիշողությունը, նրա դյուրազգացությունը․ նա դառնում է շատերի խորհրդակիցը, երազների մեկնողը, բախտի նայողը, նամակի, պարտամուրհակի, պայմանաթղթի գրողը։ Պատահում է սրա-նրա տանը հին գրքերի, որդոց որդի ժառանգություն մնացած, որ զգուշությամբ և ահ ու դողով պահում են այն հուսով, որ իրանց տանից երբևիցե մինը կարդալ կսովորի և մեծ օգուտ կքաղե նրա հոգեշահ խրատներից, կամ խորհրդավոր գիտություններից։ Այս գրքերն առհասարակ