Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինում են կրոնական կամ իբր բարոյական բովանդակություն ունեցող գրքեր։ Հավաքում է պատանին այդ տեսակ գրքերը և սկսում է գիշեր ցերեկ կարդալ։ Մոռանում է տնային գործը, ուշ չի դարձնում ոչ մի բանի վերա. գիշերը նրան ճրագ չեն տալիս, նա կարդում է կրակի շեղջի լուսով։ Տաքանում է նրա գլուխը, վառվում է երևակայությունը, ավելանում է ուսման փափագը, հղանում է վերջապես իր ուսման ծարավը զովացնելու զանազան հնարքներ, որոնցից ամենահեշտը և դյուրահասը համարում է վանականությունը։ Եվ նա հասնում է իր այս նպատակին։ Մի քանի տարվա մեջ ամբարվում է բազմակողմանի առասպելներով և սև գլխով վերադառնում ու սևացնում շատերի խելքն ու միտքը։ Դյուրազգաց բնավորության վերա մեծ ազդեցություն են գործում ամենահասարակ համարված դեպքերը. նրան պատահած այս կամ այն գաղափարի տեր մարդը, այս կամ այն ուղղություն ունեցող գիրքը տակնուվրա է անում նրա մտավոր աշխարհը։ Այսպիսի դիպվածների ենթարկվել էր և մեր տեր հոր հանճարը։ Մտաբերելով իր երբեմն ունեցած ուսման փափագը, նույնը տեսնում էր այժմ և Արությունի մեջ և ցավակցում նրան։ Նա չէր կարող երևակայել, որ Արությունի ապագա վարդապետները կարող են բոլորովին այլ ուղղության և գաղափարի տեր մարդիկ լինել, որոնք ոչ միայն չեն շարունակիլ իր կիսատ թողածը, այլ ինչ որ տվել է, այն էլ կաշխատեն մի կողմ մղել, որ իրանց տալիք ուսումը մի մաքուր անկյուն գտնի նրա ուղեղում...

Տեր հայրն սկսեց պատմել իր տեսած ու լսած բաներից, մինչև հասան Թելեթի սարի ստորոտը։

— Դե հիմի վեր արի,— ասաց տեր հայրը,— ձին մեղք է։ Որ բարձրանանք էս սարի գլուխը, քաղաքը կերևա։

Արությունն իջավ ձիուցը, և մի քանի քայլ ծանր փոխելուց հետո զառիվեր թռավ արագավազ եղջերվի նման և տերտերին շատ ցած թողնելով՝ ինքը բարձրացավ սարի գլուխը, որտեղ երևեցավ նրան քաղաքը։

Թիֆլիս քաղաքը Նավթլուղից սկսած մինչև Վերա հանկարծ բացվելով Արությունի առջև, ապշեցրեց նրան։ Չտես, երևակայության աշակերտ, դյուրազգաց և դյուրագրգիռ Արությունը