Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարիամի վերա, վերջն սպանում է, տանում է կախ տալիս մերումը, որ ասեն՝ «ինքն է խեղդել իրան»։ Հերիքը գնում է գտնում, վախենում է, թե ինչ է պատահում, գժվում է. Սոսին էլ որ իմանում է, թե ինչ բան է պատահել իր պատճառով, թվանքով խփում է ինքն իրան սպանում. Շամիրն էլ որ հետո իմանում է, թե անմեղ է եղել Մարիամը, նա էլ էնտեղ է ինքն իրան սպանում...

— Ի՜նչ անբախտություն է, տեր աստված, ես հենց իմանում էի, թե մենակ ինձ է պատահել էդպես մի բան, հիմի, տեսնում եմ, որ ուրիշներին ավելի վատ է լինում։

— Քեզ ի՞նչ է պատահել, փառք աստուծո, դու ողջ առողջ ես։

— Չէ՛, ես ուրիշ բան էի ուզում ասել, միտքս ուրիշ տեղ գնաց... Խեղճ Մագթա՜ղ, մինուճար մեկ տղա ուներ, աչքի սևն ու սիպտակը, նրանից էլ զրկվեց. էլ ի՜նչ կապրի նա։

— Ի՞նչ ապրել... Գիշեր ցերեկ տղի գերեզմանիցը չի հեռանում, ասում են, ոչ ուտում, ոչ խմում է, միշտ աղի արտասուք է թափում։ Ով գիտե հիմա նա էլ գժված կլինի, կամ մեռած...

— Նարգիզի նման․․․

— Ո՞վ է էդ Նարգիզը․․․

— Դրա պատմությունը երկար է, Հոռոմսիմ։ Ախր իմ գլխովն էլ է էդպես մի բան անց կացել․․․ Տեղը չի եկել, որ պատմեմ քեզ։

— Ասա, մեկ ասա,— ստիպեց Հոռոմսիմը.— ես նկատել եմ, թեպետ քեզ չեմ ասել, որ մի հին ցավ կա քո սրտումը։ Ձմեռվա արեգակի նման շուտ-շուտ ամպի տակ ես մտնում, էնպես ես տխրում։ Միտք եմ անում, ասում եմ, ի՞նչ պիտի չինի սրա դարդը...

— Ականջ դիր, հիմի ասեմ. «Ես դեռ օրորոցումը, մեր հարևան Նարգիզը մի խաչ է քաշում իմ օրորոցի վերա, թե Օսանին իմ Ռոստոմի համար պիտի ուզեմ։ Մերս էլ ասում է, շատ լավ։ Չորս տարեկան դառած չդառած՝ Նարգիզր մեկ օր եկավ, ոսկե զնջիլով մի մեծ խաչ մանեթ կախ տվավ շլինքիցս, թուշիցս էլ պաչեց, թե՝ դու իմ Ռոստոմի նշանածն ես։ Ես էլ շատ ուրախացա, մտքումս ասում էի, էս ի՞նչ լավ բան է.