Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց թե ի՛նչ բան է, ես ինչ կգիտենայի։ Ռոստոմն էլ ճշմարիտ է, ինձանից երեք թե չորս տարով մեծ էր, բայց հա էլ ինձ նման ոչինչ չէր հասկանում, անմեղ սրտով մենք շատ սիրում էինք մեկ մեկու։ Օր չէր լինիլ, որ կամ ես չերևայի նրա աչքին, կամ նա՝ իմ։ Էսպես մենք իրար սիրով վառվա՝ հեքիաթներում ասածի նման՝ ով տարով կմեծանար, մենք օրով էինք մեծանում։ Ռոստոմը դեռ տասնհինգ-տասնվեց տարեկան չկար, տեսնողն ասում էր՝ քսան տարեկան կլինի, բեղատեղերը սևացած, հասակը չինարի դառած... Օր ու գիշեր աշխատում էր, որ ոչ մեկ տղից ետ չմնա թե՛ խաղալում, թե՛ կպչելում, թե՛ որս անելում, թե՛ մարդավարութենում, թե՛ տանուտեղի հոգս քաշելում։ Քանի որ փոքր էի, ես չէի փախչում նրանից, խոսում էլ էի հետը։ Մեկ օր հարցրի, ասեցի՝ «Բա չե՞ս հոգնում, որ էդքան դես ու դեն ես ընկնում»․․․ Նա թե՝ «Չէ՛, Օսան ջան, երբ որ քեզ տեսնում եմ, թե հոգնած եմ լինում, հանգստանում եմ, թե քաղցած՝ կշտանում, թե տխուր՝ ուրախանում...»։

— Օ՜... սերն ի՛նչ ասես, թե չի անիլ... Ես էլ եմ սիրել, ես գիտեմ,— ասաց Հոռոմսիմը...

— Մեկ օր,— շարունակեց Օսանան,— մեկ օր իմ մորաքրոջ տանիցը գալիս էի,— իմ մորաքույրը մի շատ պատվական կնիկ էր, գիր էլ գիտեր, նա ինձ համ գիր էր սովորեցնում, համ կար ու գործ.— հա, իմ մորաքրոջ տանիցը գալիս էի գուլպա անելով, գիրս էլ կռանս տակին, հենց որ հասա մեր տան ներքևը մի ձոր կա, էն ձորը, մեկ էլ տեսնեմ Ռոստոմը, թվանքն ուսին, եկավ առաջս։ Տեղ չկար, որ թաք էի կացել, մնացի սառած, աչքերս գետնին գցած, կանգնած։ Ես հիմի հասկանում էի ամեն բան, գիտեի, որ նշանածիցը պետք է փախչել, պետք է չխոսկան կենալ։ Ռոստոմը տեսավ, որ ես շատ ամաչեցի, մի քիչ ետ կանգնեց, ու թե՝ «Մի՛ ամաչիլ, Օսանա ջան... էդ ի՞նչ է կռանդ տակին դրած, գիր ես սովորո՞ւմ, կուս խոմ չե՞ս դառնալու»։ Ես գլուխս շարժեցի։ Նա թե՝ «Էլ ինչո՞ւ ես գլուխդ օրորում, կամ հա՛ ասա, կամ չէ՛»։ Վերջը երբ որ տեսավ, թե ես ոչ խոսում եմ, ոչ գլուխս բարձրացնում, «Ականջ դիր, ասեց, Օսանա, տես ինչ եմ ուզում ասել քեզ։ Ես ոչ հեր ունեմ, ոչ քույր, ոչ ախպեր, մի մեր ունիմ