Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդապետություն և ավելի ևս համառոտ սրբազան պատմություն, մինչդեռ Արությունը Աստվածաշունչն ամբողջապես գիտեր, և յուր սուր հիշողության շնորհիվ ինչ տեղից էլ ուզենայիր, նա կպատմեր բառ առ բառ։ Սրբազան պատմությունը սովրեցնում էին աշխարհաբար, իսկ քրիստոնեական վարդապետությունը՝ գրաբար։ Հին վարդապետներն ընդդեմ էին աշխարհաբարի, բայց տեսուչն արդեն մտցրել էր աշխարհաբար շարադրություն և քարոզներ գրել տալը։ Նա ուզում էր, որ կրոնի բոլոր դասագրքերը աշխարհաբար լինին, թարգմանել էր տալիս և Ավետարանը։ Եվ բոլոր այդ բաներին շատ խորթ էին նայում եպիսկոպոսն ու իր արբանյակները։ Նրանք դրանում գտնում էին ոչ ուղիղ դաստիարակության մի ոճ, այլ կրոնական մի նորամուծություն, օտար կրոնի հետևողություն։

Հայկաբանության ուսուցիչն ևս գոհ էր Արությունից, քանի որ նա դեռ լավ չէր ցույց տվել իր գրաբարագիտության աստիճանը։ Բայց մեկ անգամ մի աշակերտ սխալվեցավ, և երբ վարժապետը հանդիմանեց նրան, որ ինքն այդպես չի ասել, փոքրոգի աշակերտը՝ իր հանցանքը թեթևացնելու համար՝ զրպարտեց Արությունիւն, թե՝ ինքն անցյալ դասին ներկա չի եղել, դիմել է Արությունին և նա այդպես է սովրեցրել։

— Հա՜, ուրեմն բացի ինձանից՝ այստեղ ուրիշ վարժապետ էլ կա,— բացականչեց վարժապետը և Արությունին դուրս կանչեց գրատախտակի մոտ, որ մի փորձով իր գիտությունը նրա անգիտությունովը փայլեցնե։ Վարժապետն ինքը մի նախաղասություն գրեց և լուծել տվավ բառ առ բառ իբրև մասունք բանի։ Նախադասության բայի դեմքը ուղիղ չասաց Արությունը։ Բայն էր «ասէն»։ Արությունը ուշ չդարձնելով գրի վրա, ասաց՝ «ասէն՝ բայ ներգործական հոգնակի երրորդ դեմք»... Վարժապետն էլ այդ էր ուզում։ Էլ չստիպեց, որ Արությունն ուշադրություն դարձնե բայի կազմության վրա, և ոչ գրաբար նախադասությունը աշխարհաբարի դարձնել տվավ նախապես, որով կիմացվեր, որ բայը եզակի է և ոչ հոգնակի, թե՝ նուն դիմորոշ տառ է. ոչ այս արավ և ոչ այն, այլ հանկարծ Չամչյանի ահագին քերականությունն այնպես թրխկացրեց Արությունի գլխին՝ որ նա վայր ընկավ ուշաթափ։ Աշակերտներն իսկույն ջուր հասցրին, ածեցին վրան և այնքան