Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կռապաշտները, որ արդեն ամոթահարված և քստմնած էին, այդ ծայրահեղ եղեռնագործությունը տեսնելով՝ էլ չհամբերեցին, բարձրաձայն աղաղակեցին.

— Մե՛ծ է քրիստոնեից աստվածը, դժո՛խք է մեհյանը, դևե՛ր են կուռքերը, սատանա՛յք են քուրմերը, կոտորե՛նք, ջնջե՛նք, սատկացնենք սրանց...

— Ո՛չ, ո՛չ,— գոչեց թագուհին,— սպասեցե՛ք, չմոտենա՛ք տաճարին, ձեռք չտա՛ք քուրմերին, նրանց պատժելու իրավունքն իմն է։ Մեզ հարկավոր է նախ և առաջ այս թշվառների հոգսը քաշել։ Եվ սկսեց հարցնել ամեն մեկին առանձին, թե նա ո՛վ է, ի՞նչ տեղացի է։ Մեկն ասում էր՝ իմ անունս Առնակ է, ես Բաբիկի որդին եմ։ Այդ անունը բարձր ձայնով կրկնում էր քաղաքապետը, և ահա՛ մի ծերունի մարդ՝ դողդողալով մոտենում էր և հեկեկալով ասում. «Ուր է իմ որդիս»։ Երկրորդի մայրն էր լույս ընկնում և ուշաթափ ընկնում իր մինուճար որդու վրա, երրորդի քույրը, չորրորդի եղբայրը: Շատ քչերը մնացին անտիրական, այդպիսիներին էլ թագուհին առավ իր խնամակալության տակ. դրանց թվումն էին և Վաչագանի արհեստակիցները։

Այդ թշվառներին տերվետեր անելուց հետո՝ թագուհին կամեցավ անձամբ զննել քուրմերի սպանդարանը։ Քաղաքապետի և մի խումբ զինվորների հետ ներս գնաց և նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ ու պուճախը։ Ո՛ր կողմը նայում էր, մարդկային արյունի հետք էր նշմարում և անհամար ոսկրներ այս ու այն անկյունում թափած։

— Այս զարհուրելի տարտարոսը կարճ ժամանակում գլուխ բերված բան չէ,— ասաց նա քաղաքապետին.— սրա վրա շատ տարի և շատ մարդիկ պիտի լինին աշխատած, իսկ այդ մարդիկը մի անգամ այստեղ ընկնելուց հետո՝ էլ լույս աշխարհք չեն տեսել: — Ողորմած թագուհի, ես մեղավոր եմ, որ խիստ հսկողություն չեմ ունեցել, բայց մի այսպիսի բան իմանալու համար՝ քո իմաստությունն ունենալու է։