Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էին մրափած) իր ճանկերից բաց չէր թողնում նոր որսած զոհի արյունոտ մնացորդները. բայց ի՞նչ բանի մնացորդներ էին, լավ չէր նշմարվում. գառա՞ն մնացորդ էին արդյոք, թե՞... ուզում էի ասել՝ մի փոքրիկ երեխայի... բայց ո՞վ գիտե, գուցե հենց այդպես էլ լիներ, թեև այսպես մտածելը սարսափ է բերում մեզ վրա։ Երևում էր, նոր էր վերջացրել իր ընթրիքը։

Բելլերոֆոնը վերջապես ուշքի եկավ և գլխի ընկավ, թէ ինչ բան էր տեսածը։ Պեգասն ավելի շուտ իմացավ բանի էությունը և միայն այնպիսի ահեղագոչ վրնջյուն բարձրացրեց, որ սար ու ձոր դրըմբդրըմբաց։ Սրա վրա՝ մրափած գլուխներն էլ զարթնեցին և երեքն էլ միասին կրակի ահեղ ալիքներ վիժեցին։ Բելլերոֆոնը դեռ իր պատրաստությունը չէր տեսել կռվի համար, որ հրեշը դուրս պրծավ իր որջից և իր թանթուրների ահագին ճիրաններն արձակելով՝ վրա վազեց ուղղակի խիզախ երիտասարդի վրա, ավազ ու հող բարձրացնելով։ Եթե Պեգասը թեթևաշարժ չլիներ թռչնի պես, հրեշն իր այդ հանկարծական հարձակմունքով կուլ կտար երկուսին էլ և դրանով կվերջանար կռիվը։ Բայց անկարելի էր թևավոր ձիուն անզգույշ և անպատրաստ գտնել։

Մի ակնթարթում Պեգասն ու իր հեծյալը սավառնում էին արդեն բարձր երկնքում։ Բարկությունից խռմփում էր Պեգասը և բոլոր մարմնով դողում էր, իհարկե ոչ երկյուղից, այլ եռագլուխ գարշելի սողունից զզվելով։

Օշափի կատաղությանն էլ չափ չկար։ նա ձգվել էր իր բոլոր երկայնությամբ և կռթնելով իր օձային պոչի վրա, ճիրանավոր թանթուլները օդի մեջ այս ու այն կողմ էր հածում և ետ ձգելով իր երեք գլուխները՝ կրակի հեղեղ էր վիժում դեպի վեր, որ այրե Պեգասին և նրա հեծյալին։ Ի՜նչպես մռնչում էր, ի՜նչպես վսսում ու մկկում։ Մինչ այս, մինչ այն, Բելլերոֆոնը ձախ ձեռքն առավ վահանը և աջով թուրը հանեց պատյանից։

— Հապա՜ քե՜զ տեսնեմ, Պեգաս ջան,— շշնջաց նա թևավոր ձիու ականջին,— ինձ չամաչեցնես. օգնի՜ր ինձ, որ չքացնենք այս երկրային հրեշը, եթե ոչ՝ դու կթռչես դեպի Հելիկոն առանց ետ նայելու և առանց քո մտերիմ բարեկամիդ: