Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այծատուրը ներողություն խնդրեց տիրուհուց և ծոցիցը նամակը հանելով տվավ իրան։

Տիրուհին նամակը կարդաց և տղայի երեսին նայելով՝ մի առանձին ուրախություն և հաճույք զգաց։

— Դու գիտե՞ս՝ այս նամակումն ի՞նչ է գրած, — հարցրեց տիրուհին։

— Ո՛չ, ինձ հայտնի չէ, տիրուհի։

— Երևում է, որ հայտնի չէ, եթե ոչ՝ էլ ի՞նչ կտաներ քունդ։ Գնանք վերև, ես այնտեղ քեզ կհայտնեմ, թե ինչ է գրած։

Տիրուհու նպատակն էր տեսնել, թե ինչ ներգործություն կանե աղջկա վրա հոր կամքը։

Տիրուհու սիրալիր ընդունելությունը բավական քաջություն տվավ Այծատուրին, թեև նա առանց այս էլ իր հոգեկան անմեղ վիճակից դուրս չէր կարող գալ. նա ոչ ամոթխած էր և ոչ հանդուգն. ազատ էր երկու ծայրերից էլ, իբրև բնության անարատ զավակ։

Երբ որ վերև բարձրացան, նրանց դիմավորեց Գոհարիկը և սկսեց հարցուփորձ անել հոր մասին, նրա առողջության, իսկ մորից հարցրեց, թե ի՛նչ է գրել հայրը։

Այծատուրը միայն հեքիաթներումն էր լսած Գոհարիկի նման գեղեցկուհիների մասին, և ինքն իրան շատ երջանիկ զգաց, որ այնպիսի մի դիցուհու նվաստ ծառան պիտի լինի։ Նա չէր կարող մտքովն անգամ անցկացնել, որ կարող է ծառայից էլ ավելի բարձր լինել և նրան իրան կողակից և լծակից համարել։

— Անունդ ի՞նչ է, որդի,— հարցրեց տիրուհին։

— Այծատուր է,— պատասխանեց տդան, Այծատուր անունից ամաչելով։

— Աստվածատո՜ւր... Գիտե՞ս, Աստվածատուր, իմ ամուսինս գրել է, որ դու գաս թե չէ՝ իմ աղջիկը քեզ տամ. սա է ահա իմ աղջիկը։ Ես չեմ կարող ընդդեմ կենալ նրա կամքին և իմ կողմից արգելք չկա. բայց եթե դու կամ սա հոժար չեք լինիլ, այդ բանումը ես մեղավոր չեմ լինի, պատասխանատուն դուք կլինեք։

Այս ասելով տիրուհին նամակը տվավ աղջկանը։