Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այծատուրը այնպես կարծեց, թե երազումն է տեսնում այս անցքը, մնաց լուռ և վեր քաշված, ոչինչ չկարաց խոսել։

Իսկ Գոհարիկն ասաց.

— Ես հնազանդ եմ իմ հոր կամքին, բայց չեմ կարող բռնությամբ տիրել մի երիտասարդի սրտի վրա. գուցե նա համաձայն չէ։

Այծատուրը տեսավ, որ իր տեսածը երազ չէ և ոչ հանաք են անում իր հետ, բոլոր ուժը մի տեղ հավաքելով՝ ասաց.

— Ես ոչ պակաս հնազանդ եմ իմ տիրոջ կամքին. նա որ ինձ հրամայե, թե գնա ջուրն ընկիր, կընկնիմ, ուր մնաց որ նա ինձ ջուրը չի ձգում, այլ հանում է ջրից։

— Ուրեմն ամեն ինչ վերջացած է,— ասաց տիրուհին և կանչեց ծխատեր հոգևորականին, որին ցույց տալով իր ամուսնու նամակը՝ խնդրեց, որ շուտով պսակի ծեսը կատարե։

6

Հինգ օրից հետո սովդաքարը եկավ։ Հենց որ տան գավիթը մտավ, տեսավ Այծատուրին իր աղջկա հետ ուրախ զվարթ ճեմելիս իր հոյակապ տան պատշգամբի վրա։

— Այս ի՞նչ խաղ է,— մտածեց նա.— երևում է, որ իմ գրածի հակառակ սա ամուսնացել է իմ աղջկա վրա։ Ուրեմն ես էլ ինձ այնպես ցույց կտամ, որ իբր թե իմ կամքն էլ այդպես է եղել։ Ներս մտավ ուրախ զվարթ, բարևեց ամենքին և դառնալով տղային ու աղջկան՝ հարցրեց կնոջը՝ արդյոք կարո՞ղ եմ շնորհավորել։

— Այո՛, այո՛,— ասաց կինը.— ինչպես որ գրել էիր, թե մինչև իմ գալս պսակված պրծած լինին, ես էլ անհապաղ կատարեցի քո կամքը։

Այստեղ մարդը գլխի ընկավ, որ իր նամակի բովանդակությունը փոխված է, և կասկած տարավ Այծատուրի վրա, թե նա ինքը կլիներ փոխած, և մտածեց վրեժխնդիր լինել։

Մյուս օրը գնաց իր այգին այգեպանին պատվիրեց մի