Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման ճկուն ու ճոճուն. երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում. երբ ժպտում էր, երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա էր, բայց ձայն չհանեց. թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա պիտի լինի իր հարսնացուն. իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ, սկսեց սրտնեղիլ. — Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,— ասաց,— մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախաթյանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայել որ նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում. մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

— Սիրուն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ. քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

Աղջիկն ասաց.— Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտար ձեր աղախնին և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը, ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

— Շատ ուրախ կլինինք ,— ասաց թագավորը,— ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

— Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի և այս վազան չոր ճյուղը դալարի: