Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուսը մի փունջ ծաղիկ։ Թրավորը թուրը շողշողացնում էր ձեր գլխներին, իսկ փնջավորը դեմ էր անում ինձ իր հոտավետ փունջը։ Այս երազիս մեջ էի, էլ պատուհանիս առջև մի թռչնիկի ձայն լսեցի, որ երգում էր՝ «Վո՛ւրգ-Վո՛ւրգ-Վո՛ւրգ»։ Այս անվան վրա ես զարթնեցի և մի կերպ եղա, քիչ մնաց սիրտս գնում էր։ Կարծես թռչնիկը այն հրեշտակի անունը տվավ, որ ինձ մի փունջ ընծայեց, և ինչքան գեղեցիկ էր նա, ինչքա՜ն, ինչքա՜ն...

Ասաց քույրը և արտասուքն աչքերին հեռացավ եղբայրներից, որ իր ներքին հուզմունքն ու շփոթությունը ծածկե նրանցից։

— Մեր քույրն իր բութան ստացել է,— ասաց մեծ եղբայրը.— եթե այդ բութա տվողը գա, մենք պիտի հաղթվենք:

Սրի շողշողալը մեր հաղթվելն է նշանակում։

— Եվ կարծեմ ժամանակն էլ է, որ մեր քույրն իր մուրազին հասնի,— ասաց փոքր եղբայրը,— բավական է, որքան որ արյուն թափեցինք դրա համար։ Այսուհետև ով որ գա, իմ գլխի վրա տեղ ունի։

—Այդ շատ լավ ես ասում,— ասաց մի ուրիշը,— կարելի է թե եկողը նրա Վուրգը չէ, այլ մի ուրիշը, մի թե մենք պետք է ամեն եկողի տանք մեր քույրը։

— Ո՛չ, ո՛չ,— ձայն տվին ամեն կողմից,— թող մեր գլխին թուր շողշողա և մեր քույրը իր ուզածին գնա։

Այսպես խոսեցին եղբայրները, բայց ամենի սիրտն էլ այնպիսի մի ահ ընկավ, որ մինչև այդ օրը նրանցից ոչ մեկն զգացած չէր։

8

Մեր տղեքը ուղիղ յոթն օր ճանապարհ գնացին, ճամփին շատ չար ու բարի տեսան, շատ տեղ հայտնեցին իրանց ճամփորդության նպատակը, շատերից սարսափելի վտանգներ լսեցին, բայց իրանք աներկյուղ շարունակեցին իրանց ճամփան մինչև հասան Սև-Բերդի սահմանը։

Մի անտառապատ և բարձր լեռան վրա էր Սև-Բերդը: