Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ մոտեցան բերդին, իջան մի գեղեցիկ ծաղկավետ հովտի մեջ մի աղբյուրի վրա։ — Դու փայտ հավաքիր և կրակ վառիր, — ասաց Արսենը,— իսկ ես մեկ կբարձրանամ դեպի այս ձորի խորքը, կարելի է մեկ որս ճանկեմ: Հետքեր շատ կան, այստեղ լավ որսի տեղ է: Արսենը գնաց, իսկ Վուրգը, փոխանակ փայտ հավաքելու, սկսեց ծաղիկ քաղել և շատ ճաշակով մի գեղեցիկ փունջ կապեց։ Մինչև Վուրգն իր փունջը կկապեր, Արսենը եկավ մի ահագին վարազ շալակած։

— Ո՞ւր է կրակը,— հարցրեց Արսենը։ — Կրակը սրտումս է,— պատասխանեց Վուրգր:— Ես Անտեսիս համար տես ի՜նչ գեղեցիկ փունջ եմ կապել:

— Ուրեմն դու դեռ ջուրը չտեսած, ոտներդ հանել ես արդեն։ Լավ, անց կենանք ուրեմն այդ ջրովը,մոտենանք բերդին և այնտեղ վառենք կրակը, որ շուտ նկատեն մեզ և գան. տեսնենք ինչ են ասում։

— Ես էլ եմ կարծում, որ այդպես լավ կլինի։ Ինչ լինելու է, թող շուտ լինի։

Բարձրացան մինչև բերդի պարսպի տակը, որտեղ կրակ վառեցին, և ամբողջ վարազը, փորը միայն դատարկած, քաշեցին մի հաստ ձողի մեջ և սկսեցին խորովել։ Այսպես գիտությամբ արավ Արսենը, որ տեսնողը նրանց հասարակ մարդիկ չհամարե, այլ հսկաներ։

Հենց որ բարձրացավ կրակի ծուխն ու բոցը և հասավ մինչև ամպերը, հսկաները վեր նայելով նկատեցին այդ և իրանցից մեկին ուղարկեցին, որ տեսնե՝ ինչ բան է, ո՞վքեր են եկողները, և շուտով լուր բերե։

— Ահա գալիս է մեկը,— ասաց Արսենը,— դու վեհանձն եղիր, տեղիցդ չշարժվես, այլ միայն դեպքին հարմար հրաման տուր ինձ, որ նրանք նկատեն, որ դու իմ պարոնն ես, ես քո ծառան։

Մի աժդահա մարդ էր եկողը: Թեև պակաս հսկաներ չէին Արսենն ու Վուրգը, բայց նրա համեմատությամբ փոքր էին:

— Ի՜նչ մարդիկ եք,— կանչեց հսկան հեռվից...

Արսենը ձեռքով արավ, թե՛ մոտ եկ, տեսնենք ինչ ես ասում։