Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


—Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շատ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողից։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա֊հարուստը:

— Շատ լավ, տարեք սրան մի առանձին սենյակ և բերեք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

—Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա այսչափ կլիներ,— ասաց նա,— ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանաք քսեցեք սրա ամբողջ բռունցքին և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա֊հարուստը սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի քար էր։

— Հիմա տարեք սրան իր սենյակը և մյուս վկային բերեք։ Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը սև։ Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը կարմիր, ձևը քառանկյունի։

Մանուկ֊ խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.