Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցեք։

—Սպասեցեք, — ասաց Մանուկ-խանը և դառնալով ուրացողին` ասաց.

—Այս րոպեիս ետ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի, ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում՝ Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։