<ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ>
էլել է չի էլել մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար: Տղան երբ որ մեծանում է, լսում է, որ աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու մնալ։ Ասում է.
— Ա՜խ, ինչպես կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ինչ բան է երկյուղը:
Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.
— Ես ուղում եմ տեսնել, թե ինչ բան է երկյուղը, եթե այդպիսի արհեստավոր կա, ինձ տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ ։
— Որդի, երկյուղը ոչ արհեստ է, ոչ արհեստավոր, — ասում է մայրը,— այդ բանը ամեն մարդու սրտում էլ կա, եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն քո սրտումդ երկյուղ ասածը չկա, դու աներկյուղ ես։
— Մայր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,— ասում է տղան,— ուզում եմ ես էլ ունենալ, բայց որ տե՞ղ գտնեմ, ո՞րտեղ ձեռք բերեմ։
— Աստված մի արասցե, որդի, այդպես բան չես անիլ,— ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.— Ո՜... որ իմ անաս, ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին...
_ Որ տե՞ղ են այդ սարսափելի բաները, մայր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ տեսնում։
— Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչ ով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։
— Ուրեմն նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մայր։
— Աստված մի՝ արասցե, որդի, իհարկե կվախենաս, քար լինի, կհալչի նրանց երկյուղից։
Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ