Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերադառնալիս Անդերսենի մայրը մի ամբողջ կապուկ կեչու թարմ ճղներ էր տանում տուն ու նրանցով զարդարում իր խոհանոցը։ Խոհանոցի վերնատանը սյուներից միշտ կախված Էր լինում ոսկեծաղկի հյուսվածքներ, և նրանով տանտերերն իմանում էին, թե արդյոք երկա՞ր կապրին իրանք [1]:

«Իմ վաղածաղիկ հիշողություններիցս մեկը», գրում է Անդերսենը, «ես համարում եմ իմ ներկա լինելս մի տոնի, որ կատարվեց — ի՞նչ եք կարծում, ո՞րտեղ — Օդենզեի խաղաղացնող տան մեջ։ Ես այդ շինության վրա դրսից նայելիս էլ զարհուրում էի, հանկարծ ընկնում եմ նրա ներսի բնակարանները: Ասեմ թե ինչպես պատահեց այդ բանը: Իմ ծնողքս մոտիկ ծանոթ էին խաղաղացնող տան գլխավոր դռնապանի հետ։ Մեկ անգամ դա իր տոնի օրը հրավիրեց ծնողացս և խնդրեց որ ինձ էլ տանեն հետները։ Այն ժամանակ ես այնքան փոքր էի, որ ինձ գրկած տարան։

«Միտս է, ինչպես հիմա, այն անասելի վախը, որ ես զգացի, երբ ճռնչալով բացվեցավ երկաթե ահագին դուռը. մինչև այսօր էլ դեռ ականջումս է այն աղմկալից ձայնը, թե ինչպես գռնչեց կողպեքը, երբ դռնապանը մի կապոց բանալիքներ ձեռքին ղողանջեցնելով՝ դուռը կողպեք մեր հետևից։ Մենք վերև բարձրացանք մի զառիվեր սանդուղքով։ Ճաշի ժամանակ բոլոր հյուրերը լավ ուտում, խմում էին, երկու բանտարկյալներ էլ ծառայում էին։ Իսկ ես, որքան էլ հորդորեցին, չկարողացա ձեռքս մի բանի մոտեցնել և մինչև անգամ դեն շպրտեցի ինձ տված կարկանդակը։ Մայրս կարծեց, թե ես հիվանդացել եմ, և պառկեցրեց ինձ կողինքումը: Չգիտեմ ցնո՞րք էր թե իրողություն, միայն ես պարզ լսում էի, որ պատի մյուս կողմին անիվներ են պտտվում շառաչելով, որ բանտարկյալներն էին պտտվում ու հետն էլ բարձրաձայն երգում. երևի մի բան էին շինում։ Մի ծանր զգացմունք տիրեց վրաս, երևակայում էի, թե ավազակներով լիքը մի բերդի մեջ եմ գտնվում։ Մենք երեկոյին ուշ վերադարձանք տուն։ Ինձ էլի գրկած տարան. ցուրտ քամի էր փչում

  1. Դանիական ժողովրդի մեջ մի այսպիսի հավատ կա, թե տուն բերած ոսկեծաղիկը եթե երկայն բեխեր տա, այդ նշան է, որ տանեքիք երկար կապրին, սրա հակառակը կլինի, եթե շուտ չորանա: