Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամապաշտությունը և հասնում այն աստիճանի, որ իր կարծիքը համարում էր անսխալական. էլ ոչ ոքի թույլ չէր տալիս իրան ընդդիմախոսելու: Այս ինքնահավանությունը նրան այն աստիճանի հասցրեց, որ ծնողներն սկսեցին այլևս երես չտալ, բայց նա հիմա էլ սկսեց երևակայել, որ իրան չեն սիրում, չեն գնահատում իր արժանիքները։ Երևակայում էր չեղած և չլինելի բաներ և շաբաթներով ինքն իրան տանջում, մինչև զգում էր վերջապես իր սխալը, սկսում էր զղջալ դառնապես, բայց շատ անգամ ուշ էր լինում և բանը բանից անցած։ Սակայն պետք է ասել, որ չնայած նրա կասկածոտ բնավորությանը և ուրիշ պակասություններին, նրա սիրտը մտքին մասնակից չէր և միշտ մնում էր բարի, սրա համար էլ սիրում էին նրան։

Այլ բնավորության տեր էր Պոլիքսենը։ Նա պարզ էր, ինչպես մի վճիտ աղբյուր, որ մեջին իրան պղտորող ոչինչ չի ունենում։ Նրա սրտումն ու մտքումը այնպես բան չկար որ նրան տանջեր ու մաշեր։ Նա միշտ ուրախ էր, միշտ զվարթ. սիրում էր կատակներ անել, զվարճանալ և զվարճացնել ընկերներին ավելի որսորդություն և զանազան մարզմունքներ էր սիրում, քան գրքերի մեջ թաղվել, որ տեսնի ինչ գաղտնիքներ կան նրանցում։ Պոլիքսենը չէր քննադատում Լեոնտի պակասությունները, չէր էլ նկատում, այլ անկեղծ կերպով սիրում էր նրան իբրև ընկերոջը և Լեոնտն էլ զգալով այդ՝ նույնպես սիրում էր նրան։ Նրանց այս բարեկամությունը ավելի ամրացավ, երբ որ մեծացան և թագավոր դարձան երկուսն էլ։ Հեռու լինելով իրարից մեծ տարածությունով, ծովերով ու ցամաքներով, իրանց բարեկամությունը շարունակում էին պահպանել նամակներով, ընծաներով և գեսպաններով։

Սրանք միաժամանակ ամուսնացան՝ երկուսն էլ իրանց սրտի ուզածների հետ, և երկուսն էլ ունեցան մի֊մի որդի, որոնց սիրում էին ամենաքնքուշ սիրով և փայփայած պահում,իբրև գահաժառանգների։ Լեոնտի որդու անունն էր Մամիլ, որ մի շատ գեղեցիկ և խելոք մանուկ էր, իսկ Պոլիքսենի որդու անունը Ֆլորիզել, նույնպես գեղեցիկ և շատ աշխույժ։

Այս դեպքից շատ չանցած' Պոլիքսենը զրկվեց իր