Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծերունին վաղուց արդեն նկատել էր երկուսի էլ լուրջ և անկեղծ սերը, ուրախությամբ տվավ իր համաձայնությունը, հետո դառնալով ճամփորդ հյուրերին, խնդրեց, որ վկա լինին իր տված համաձայնությանը, խոստացավ նաև աղջկանը տալ մեծ օժիտ։

—Նրան պետք չէ ոչ մի օժիտ,— պատասխանեց Ֆլորիզելը։— Նրա հոգեկան հատկությունները անհատնում գանձ են ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է հարստության, ղրանով ես այստեղ բոլոր եղողներիդ կարող եմ զարմացնել հենց հիմա, իսկ ժամանակով այժմ յան ունեցածս կարող է հարյուրապատկվել նոր ժառանգությամբ։

— Երևի, երբ որ հայրդ կվախճանվի,— վրա բերավ Պոլիքսենը։

— Այո, հենց դրա պես մի բան։ Հայրիկ, դու միայն օրհնիր մեզ, իսկ մեր պատվական հյուրերը թող վկա լինին։ Ծերուհին մոտեցավ, որ նշանածների ձեռքերը միացնե և օրհնե, Պոլիքսենն ընդհատեց նրան և դառնալով Ֆլորիզելին՝ ասաց.

— Սպասիր, սիրուն պատանի, մի շտապիր։ Դու ուզում ես, որ մենք վկա լինինք քո բռնած գործին, առանց մեզ ճանաչելու, բայց մենք ինչպե՞ս կարող ենք վկայել, քանի որ չենք ճանաչում ձեզ և չգիտենք դուք ո՞վ եք, ի՞նչ եք, որտեղացի եք։ Այս խեղճ ծերունին նույնպես չգիտե։ Ասացեք խընդրեմ, դուք հայր ունի՞ք։

— Հետո՞, դրանով ի՞նչ եք ուզում ասել։

— Ուզում եմ ասել՝ հայրդ գիտե , թե դու ինչ բանի վրա ես։

— Ոչ, չգիտե և չպիտի գիտենա։ Սա իմ անձնական գործն է, ուրիշն իմ գործումը խառնվելու իրավունք չունի։

— Թող այդպես լինի, բայց ծնողը որդու բախտավորությունը տեսնելուց ինչո՞ւ պիտի զրկվի, ընդհակառակի որդու հարսանիքում հայրը պետք է լինի առաջին հյուրը։ Բայց գուցե քո հայրը ծե՞ր է, անկարող է և ուշքը կորցրած:

— Ո՛չ, պատվական հյուր, իմ հայրն առողջ է և առույգ, որ նրա տարիքում շատ քչերին է պատահում լինել, բայց