Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»։
— «Բայց ի՞նչ ես կարծում, այդ գեղեցկուհին
Կըդառնա՞ արդյոք քո ընկերուհին»։
— «Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», ասաց. «կռվես ու հաղթես,
Դու ինձ կըստանաս, կառնես կըբերես»։
Հիմա չըգիտեմ ո՛րտեղ կըգտնեմ,
Որ կռվեմ, հաղթեմ ու առնեմ բերեմ»։
— «Ես իմաց կըտամ իմ բդեշխներին,
Նրանք կըգտնեն քո գեղեցկուհին»։
Տորքն ուրախացավ, բայց և ամաչեց,
Տղայի նման նա կարմրատակեց.
Արքայի ծնկան նա համբույր տվավ,
Եվ իսկույն ևեթ մոտիցը փախավ։
Թագավորն ինքն էլ շատ ուրախացավ,
Որ Տորքի սիրո գաղտնիքն իմացավ։

Է



Արքան հրավիրեց կուսակալներին,
Որ այդ ժամանակ պալատումն էին.
«Կուզեմ իմանալ, ասաց, մեր երկրում
Ինչպե՞ս ցեղեր կան, ինչպե՞ս են ապրում»:
(Թագավորն ինքը չէր մեր աշխարհից,
Այլ հրավիրված մի ուրիշ երկրից).
«Արդյոք մեր երկրում վաղվա պես չըկա՞ն
Խոշոր հսկաներ մեր Տորքի նման»։
Ամենից առաջ խոսեց Առանը՝
Բաղաց աշխարհի զորեղ իշխանը.
— «Ո՛ղջ լեր, թագավոր, մեր երկրում դեռ կան
Հաղթանդամ մարդիկ՝ ճիշտ Տորքի նման.
Նրանք կենում են լեռնախորշերում,