Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղբյուրը նրա ընդհանուր սեփականությունից կարող է բխել։

Պիտի ասեք՝ եթե այդպես է, ապա ուրեմն մասնավոր սեփականություն որ բնավ չլինի, այլ միայն ընդհանուր, այն ժամանակ չարությունն իսպառ կվերանա աշխարհիցս և միայն բարին կթագավորե։ — Այո՛, բայց ե՞րբ կլինի այդ և ինչպե՞ս։ Մանուկը շատ է ցանկանում, որ բեղեր ունենա, բայց նա դեռ պիտի մեծանա, հասունանա, այնուհետև ոչ միայն բեղեր կունենա, այլև մորուք, և այդ մորուքն էլ կսկսի սպիտակել, որ շատ էլ չի դուր գալ իրան։ Մեր բարեկեցությունն էլ դեռևս մանուկ հասակի մեջ լինելով, պիտի աստիճանաբար զարգանա, առանց թռիչքներ գործելու։ Իհարկե, դուրս կգան ավելի զորեղ հանճարներ, որոնք թռչելու հնարն ևս կգտնեն, բայց առայժմ միայն արագացնել կարող են համայնքների ձգտումը դեպի այդ երջանիկ ապագան, դեպի ավետարանի նախագծած բարեկեցությունը։

— Հարգելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, զարգացման արագանալը մեր ինքնաճանաչության արագանալն է։ Որքան լավ ճանաչենք մենք մեզ և մեր ունեցածը, այնքան կբարձրանա մեր զարգացումը։ Մի՞թե մենք չունենք բնական և ընդհանուր սեփականություններ, որոնցից կարող կլինեինք ահագին օգուտ քաղել։ Ահա այս սուրբ տաճարը, ուր հավաքված եք դուք ամենքդ, թե՛ մեծ և թե փոքր, թե՛ տեր և թե ծառա, թե՛ այր և թե կին,— ի՞նչ է այս, եթե ոչ այնպիսի հաստատություն, մի այնպիսի սեփականություն, որը ըստ ամենայնի ավետարանի արքայությանն է նման, որովհետև այստեղ ամենքս էլ հավասար ենք, և ամենքս էլ եղբայր։ Այն հողը, որի վրա շինված է եկեղեցին, մի փոքրիկ կտորն է այն երկրի, որ ասվում է հայրենիք, և նույնպես մեր ամենիս սեփականությունն է։ Այն լեզուն, որով մենք այսօր խոսում ենք միմյանց հետ, մեր ընդհանուրի սեփականությունն է։ Ահա ձեզ երեք մեծ, ահավոր և զորավոր ընդհանուր սեփականություն, որոնցից կարող ենք և ահագին օգուտ քաղել, եթե լավ վերահաս լինինք դրանց էությանը և որակությանը:

Մասնավոր սեփականության համար մենք կարող ենք իրար դեմ կռվել մինչև կգա Արդարությունը և մեզ կհաշտեցնե.