Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս երեսին եմ նայում' «Մշակ», մյուս երեսն եմ բաց անում—Արծրունի, վերջն եմ բաց անում, էլի «Մշակ», էլի Արծրունի։ Համբերությունս ժողովելով, ամեն տեղից մի քանի տող կարդացի, և ինձ ու ինձ սկսեցի մռմռալ, — Մի՞թե մեր էջմիածնումը մի խենթանոց չկա, որ այդ խելագարներին տպարանումն են պատսպարում, ուր նոքա որպես թե խաղ են անում տառերի ու մամուլի հետ, բայց չեն իմանում, որ իրանց ուղեղի արտադրությունն են հրապարակ հանում։

Բայց արի ասա, լսող էլ պիտի լինի՞ թե ոչ։ Մոտ օրերս, ողորմած կենա, գնացել էի Շամշուլդա՝ ուխտ («Արարատ»֊ին եմ ասում)։ Բավականին ուխտավորներ կային, և գործակատարի տնօրինությամբ մի տերտեր ջերմեռանդ ուխտավորների տուրքը հավաքում, յուր քսակն էր ածում: Մոտենում եմ այդ տերտերին և հարցնում.

— Տերտեր, ո՞ւր է գնում այդ փողը։

— Չգիտեմ, մենք գործակալին ենք տալիս,— պատասխանում է տերտերը։

— Չգիտե՞ք, գործակալն ո՞ւմ է տալիս։

— Կարծեմ Ն. դպրոցին։

Գնում եմ Ն. դպրոց և հարցնում եմ գանձապետ տերտերից.

— Տերտե՛ր, Շամշուլդուց ո՛րքանևիցե արդյունք ստանո՞ւմ է ձեր դպրոցը։

— Ոչ, երբեք չենք ստացած։ Երևի կոնսիստորն է ստանում։

Պատահում եմ կոնսիստորի անդամ տերտերին և հարցնում.

— Տերտե՛ր, Շամշուլդայի ուխտատեղից տարեկան ինչքա՞ն արդյունք եք ստանում։

— ԵՎ ոչ մի կոպեկ,— պատասխանում է տերտերը։

Դառնում եմ տեր գործակալներին և հարցնում.

— Տերտերնե՛ր, ո՞ւր եք տանում այդ փողերը և ո՞ւմ եք տալիս։

Լռություն. պատասխան չկա։

Ինչպե՞ս չխրատեմ այժմ Շամշուլդեցոց, որ այսուհետև ոչ մի կոպեկ չտան այդ գործակալներին, այլ այդ արդյունքը իրանց գյուղի ուսումնարանին հատկացնեն։ Բայց գյուղացիք ե՞րբ են պաշտպանել իրանց արդար իրավունքը, ե՞րբ են