Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այս առիթով անհայտ հեղինակն ասում է.

«Մեր (մեզ) մոտ սովորաբար ահա թե ինչ է նկատվում։ Ամեն մի հայ քանի որ նա դեռ աղքատ է, կամ քանի որ ոչ մի պետական պաշտոնի մեջ չէ գտնվում — նա բարի է, նա յուր բարեկամին, յուր հայրենակցին կարոտության մեջ թողնող չէ, նրա դուռը միշտ բաց է խնդրողի առաջ և նա միշտ պատրաստ է բաժանել յուր չոր հացի պատառը, յուր աղի պանրի կտորը չունեցողի հետ. բայց հենց որ մի քիչ հարստացավ, նա բոլորովին փոխվում է, ուրիշ մարդ է դառնում։— Հայ քաղաքացի էֆենդին, այդ մի տեսակ արարած է, որի ամբողջ էությունը լցված է ագահությամբ և արծաթասիրությամբ, անգթությամբ և արհամարհանքով դեպի յուր եղբայրները, դեպի յուր աղքատ հայրենակիցները։ Մինչդեռ գյուղերում, որտեղ հայը անծանոթ է այդ տեսակ էֆենդիների հետ, նա ավելի խաղաղ և երջանիկ է ապրում, այդտեղ նորա կյանքը, հոգին շատ հազիվ անգամ է վարակվում մարդկային աղտոտություններով»։

Նախ հայտնի չէ, թե հայի անունը որտեղից թռավ ընկավ Դոնայի, Տանչոյի և Զլատոյի անունների մոտ, և երկրորդ` այս ի՞նչ փիլիսոփայություն է, որ անում է հեղինակը հայ էֆենդու և գյուղացու վերաբերությամբ։

Որովհետև մեր մեջ շատ շատերը կան, որ այս հայացքն ունին, այս պատճառով հարկավոր ենք համարում մի ավելի որոշ կարծիք հայտնել այս մասին, և մի դրական հայեցակետ տալ մեր նորահաս և անփորձ գրողներին։

Ճշմարիտ է, որ հայ էֆենդին, հայ վաճառականը կամ քաղաքացին, հայ հարուստը հարստահարում են չքավորին, ծառային, գյուղացուն, բայց ճշմարիտ չէ, թե հայը, քանի որ նա դեռ աղքատ է, կամ քանի որ ոչ մի պետական պաշտոնի մեջ չի գտնվում, նա բարի է, նա յուր բարեկամին, յուր հայրենակցին կարոտության մեջ թողնող չէ, նրա դուռը միշտ բաց է խնդրողի առաջ, և նա միշտ պատրաստ է բաժանել յուր չոր հացի պատառը, յուր աղի պանրի կտորը չունեցողի հետ:Ո՛չ,