Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՈՒՐԻՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՍՈՒՔԻ ԵՆ ԼԱՑ ԼԻՆՈՒՄ»:

«ԲՈՒԼՂԱՐ ԱՎԱԶԱԿԱՊԵՏ»:

«ՆԵԴԱ»:

Ս. Պետերբուրգ. 1887. տպարան Սկորոխոգովի.
(յուրաքանչյուրի գինը 5 կ.)

«Աղբյուրի» խմբագրության մեջ բավականաչափ նորանոր գրքեր կան ստացված։ Որպեսզի սոսկ շնորհակալությամբ չվարձատրեինք մեր մատաղ գրականության ժրաջան մեղուներին, ուզեցանք փոքր-ինչ ընդարձակել «Աղբյուրի» Մատենախոսական բաժինը։

Վերը բերված գրքույկները իրանց ծավալով ու գնով միակերպ մատչելի են թե՛ ժողովրդին և թե՛ մանուկներին և կարող են հազարավոր օրինակներով տարածվիլ, ուստի հարկավոր է այդ տեսակ գրքերի բովանդակության վրա ավելի լուրջ ուշադրություն դարձնել։

Առաջին գրքույկը («Ուրիշի գերեզմանի վրա առանց արտասուքի են լաց լինում») հայտնի չէ, թե մի հեղինակությո՞ւն է արդյոք, թե մի թարգմանություն կամ փոխադրություն։ Հավանական է, որ փոխադրություն լինի, բայց շատ անհամ փոխադրություն է, որովհետև որոշ կերպով չի երևում, թե ի՞նչ կյանքից է առնված, արդյոք բուլղարակա՞ն թե հայկական, թե՞ երկուսից միանգամայն։

Մի քաղաքում ապրում է եղել Տանչո անունով մի մարդ։ Նա մի կին է ունեցել Դոնա անունով և հինգ զավակ, որոնցից մեծը՝ Զլատոն մի նորահաս, առաքինի և գեղեցիկ աղջիկ է եղել։ Տանչոն թեև աշխատասեր և առաքինի, բայց շատ աղքատ է եղել։ Երեխայքն օրերով քաղցած են եղել մնում, հարուստները չեն եղել օգնում նրանց,