Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղեցիկ ավանդություն վերաստեղծեց։ Մեռնում է մի մարդ, կտրում են փորը, և, ո՜վ հրաշք, սիրտն անհայտացած է լինում նրանից։

Հայոց ազգի էլ բոլոր աղիքները տեղն են, իսկ ուղեղն, աստծու տվածից, քիչ է մնում որ գագաթումը չտեղավորվի, բայց փնտրեցեք սիրտը, և իզուր կորոնեք։ Ինչ ասել կուզի, որ մեր փնտրածը սրտի մսեղեն մկանունքները չեն, մենք ուզում ենք ազնիվ և բարի սիրտ, մաքուր սիրտ, սուրբ սիրտ, սիրաբորբոք սիրտ, եռանդուն սիրտ, անվեհեր սիրտ։ Այդպիսի սիրտ ունենալը բնավ երբեք կախումն չունի ոչ հարստությունից, ոչ կոչումից և ո՛չ սեռից։ Սա այնպիսի մի հատկություն է, որ ամենայն մարդ կարող է ունենալ, և կարող է ապահով լինել, որ իր այդ հարստությունը ոչ գողը կհափշտակե և ոչ ցեցը կապականե։

Շատ բարոյական վերքեր ունի հայ ազգը, այդ վերքերը պետք չէ թաքցնել ազգասիրաբար, բայց և նորանոր վերքեր էլ պետք է տալ, այլ խոհեմաբար պետք է սպեղանի դնել եղած վերքերի վրա։ Բարոյական վերքերը բարոյական սպեղանիով կառողջանան։ Վիրավոր է մեր սիրտը, ողողենք նրան ավելի առողջ սրտի արյունով։ Ինչպես որ մեր փափախի տեղ ծածկում ենք իտալացու շապոն, նույնպես մեր փափխանման սրտի տեղ էլ դնենք իտալացու սիրտը, սիրում ենք արտաքինը, սիրենք և ներքինը։ Մենք չենք հագնում եվրոպացոգ ցնցոտիները, այլ ընտրում ենք այն միայն, ինչ որ գեղեցիկ է, հարմարավոր է․ այսպես էլ չընդունենք նրանց դեն ձգած մոլությունը, այլ ընդունենք նրանց ձեռք բերած առաքինությունը։ Ի՜նչ օգուտ ծածկել ա-լա-Գարիբալդի գտակ և զուրկ լինել նրա առաքինությունից, ընդունել նրա գտակը, բայց ոչ նրա սիրտը։ Չեմ ասում դառնալ կամ լինել, այլ հետևել… Մենք չենք կարող իտալացի դառնալ, բայց կարող ենք նմանիլ. ո՛վ գիտե, ժամանակով գուցե և կանցնենք նրանց, և կանցնենք, եթե նրանց սիրտն ունենանք։ Կարդացեք իտալացոց «Սիրտը» և դուք կտեսնեք, որ ուղիղ է ասածս։

Հազար անգամ շնորհակալության արժանի է պ. Վարդանյանը, որ տալիս է մեզ այսպիսի ընտիր թարգմանչություններ։ Գրքի բովանդակությունը այնքան սրտաշարժ է, որ