Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հռչակավոր Սմայլսի անգնահատելի աշխատությունը։ Այդ գրքի մասին խոսելիս, մենք ասել էինք, թե ինչ ու ինչ անի թարգմանած պ. Վարդանյանը, և ավելացրել էինք, թե «ով գիտե էլի ի՜նչ հոտավետ ծաղիկներ պիտի տա մեզ ընդհանուր գրականությունից»։ Ներկա թարգմանությամբ պ. Վարդանյանը ոչ միայն լրացրեց մեր փափագը, այլ կարող ենք ասել, մեր փափագից էլ գեր ի վերո բան տվավ։ «Սիրտը» մարդկային հանճարի գերագույն ստեղծագործությունից մեկն է և անհունս բարձր է ամեն գնահատությունից։ Բարոյակրթական տեսակետից, մեր զգացածն ենք ասում, սա երկրորդն է Ռոբինզոնից հետո, և այն էլ միայն ժամանակի վերաբերությամբ, այլ ոչ արժանիքի, որովհետև հանճարեղ ծնունդների մեջ մեծ ու փոքր չկա, նրանք ամենքը մի մի լուսատու աստղ են։

«Սիրտ» է այս գրքի անունը, որովհետև սրտի կրթությունն ունի իրան նպատակ, սրտի բաների վրա է խոսում, սրտաշարժ տեսարաններ է նկարագրում, սուրբ, ազնիվ, անվեհեր և սիրող սրտերի վրա է ճառում։ Քարեղեն սիրտ պիտի ունենա մեկը, որ այս գիրքը կարդալիս շատ տեղերում չհեկեկա և չլա երեխայի նման։

Եվ որ աշխարհում կարող էր ավելի լավ սրտի գիրք դուրս գալ, քան Իտալիայում, այն աշխարհում, որ ընդունակ է Գարիբալդիներ, Մաձձինիներ և Կաուրներ ծնանելու, այն աշխարհում, որից հափշտակված բացականչեց մեր անմահ բանաստեղծը.— «Չէ՜, թշվառ չէ՛ Իտալիան…»։

Արդարև, թշվառ չէ Իտալիան, եթե այնպիսի սրտեր ունի որպիսիք նկարագրված են «Սրտի» մեջ։ Քանի՜ երջանիկ են Իտալիայի բանաստեղծները, որ կարող են հափշտակվել նրանց ազգային սխրագործություններով, որ կարող են դրվատող հանդիսանալ իրանց ազգային հերոսներին։ Իսկ մեր բանաստեղծնե՜րը. ինչո՞վ հափշտակվին խեղճերը, ո՞ւմ գովեն, ո՞ւմ փառաբանեն…

Զարմանալի ազգ ենք մենք, աստված վկա. ամեն բան ունինք, ամեն բան. ոչ մի բան պակաս չէ մեզ. պակաս է միայն սիրտ, սիրտ և դարձյալ սիրտ։ Շատ ժամանակ չէ, որ տաղանդավոր Գամառ-Քաթիպան սրտի վերաբերյալ մի շատ