Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կընդունեին և նրա լեզուն։ Բայց հայք չունեին այդչափ բարոյական ուժ, չունեին կենդանի կրոնական լեզու, չունեին կենդանի գրականություն, և այս անկենդանությունը, այս մեռելությունը կյանք տալ ուրիշներին կարող չէր, եթե չմեռցներ նույն իսկ իրան էլ, ինչպես և մեռցրեց։

Այս պատմական հաջող ու անհաջող հանգամանքի վրա պետք է ավելացնել և իշխողի ու իշխվողի ասիական անշարժությունը։ Իշխողները զուրկ էին բարոյական և մտավոր ուժից, իշխում էին միայն թրով, այլ ոչ քաղաքակրթությամբ, լուսավորությամբ, որ ավելի կլանող է, քան սուրը և թուրը, որոնք ժամանակավոր, այլ ոչ շարունակ ազդող հնարներ են։ Հալածանքը հային փախցնում էր, թաքցնում էր, մինչդեռ քաղաքակրթությունը կկրթեր, կգրավեր և կուլ կտար շատ սիրով։ Հալածանքը առաջ բերավ հայի մեջ ավանդապահություն, խոհականություն և ջերմ հայրենասիրություն։ Նա չկորցրեց ոչ իր հույսը և ոչ իր հավատը, որ ուներ աստծո ողորության վրա, և չէր մոռանում կրկնել իր «Արի, աստվածը» և «Շնորհյա մեզ, տեր, ի գիշերին»։ Այսպիսով հայն ազատեց իր ընտանեկան լեզուն, ընտանեկան սովորություններն ու երգերը — վիճակի երգերը, մանկական հեքիաթները, բայց ոչ բանավոր երգարանը, որ իսպառ օտարացավ: Հայ աշուղներն իրանց լեզուն, հորինվածները, ավանդությամբ իրանց հասած բանավոր վեպերն սկսեցին թուրքերեն երգել, որովհետև իբրև վարձկաններ, հարկադրված էին այնպես անել իրանց օգուտի համար, խաների, բեգերի և նույնիսկ շահերի առջև երգելու և վարձատրվելու համար պետք է թուրքացնեին այդ վեպերի անցքերը, անունները, հերոսների կրոնը, այլապես դուր չէին գալ օտարներին։ Փոխեցին և բանաստեղծություն հորինելու հին ձևը։ Խաղերի մեջ նոր արվեստ մտցրին, որ իր խրթնությամբ մրցում էր գրաբարի հետ իբրև նրա միմոսը։

Բանավոր երգարանի օտարանալը անշուշտ մեծ կորուստ էր լեզվի համար, բարբառները դրանց ազդեցությունից կարող չէին ազատ մնալ, բայց եթե դրանք մնացած էլ լինեին, կմնային ոչ անփոփոխ, այլ իբրև ճիվաղական մի խառնուրդ բառերի և դարձվածների կողմից։ Մեր խնդրի վերաբերությամբ դրանց կորուստը, օտարանալը և արած ազդեցությունը ոչ մի