Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չուներ դրանց հավաքելու։ Իրանից հետո էլ այդ երգերը երկարժամանակ ասում էին, բայց ո՞վ հավաքեց։ Մի՞թե այսօր իսկ քիչ բան կա բանավոր, բայց ո՞վ է հոգ տանողը. նույն անսիրելությունը իմաստության և երգարանաց բանավորաց…

Հայն ասիացի է ասիացու բոլոր հատկությամբ, իր բոլոր սարք ու կարգով, իր ավանդություններով, իր ծեսերուվ ու հավատալիքներով, իր դանդաղ և անշարժ բնավորությամբ։ Ինչքան որ Թիֆլիսի ժողովուրդը փոխվել է այս վերջին հիսուն տարվան մեջ, ամբողջ նահանգներ Հայաստանում այդչափ փոխված չեն հիսուն դարում։ Եվ ինչո՞ւ պիտի փոխվեր հայն իր անմատչելի ձորերում, լեռներում, ի՞նչ պատճառով, ինչու համար պիտի փոխվեր։ Փոխվեցան նրանք միայն, որոնք իրանց տեղից գջլվեցան, իրանց հայրենի հողից, ջրից հեռացան։ Բայց նրանք, որոնք ներկայումս էլ առասպելական Ցիկլոպների պես քարայրերում են բնակում, ի՞նչ առիթ ունեին թե ինչով և ինչպես է փոխված—հայտնի ժամանակից սկսած մինչև մեր օրերը, դեռևս ոչ ոք հետազոտած և ցույց տված չէ, իսկ լոկ ենթադրության գալով ենթադրությունը ավելի չփոխված լինելու կողմն է և ունի իր հիմնավոր պատճառները։ Մեսրոպի ժամանակից մինչև մեր օրերը գիտենք թե ինչ անցքեր են անցել մեր ազգի գլխովը, ո՛րպիսի լեզուների ազդեցության տակ են գտնվել, ո՛ր նահանգն է եղել խառն օտարների հետ, ո՛րը դրացի եղել, որը հեռու մնացել և անարատ։ Գիտենք, որ շատ տեղեր բոլորովին կորցրել են իրանց լեզուն, ոմանք լեզվի հետ նաև կրոնը։ Գիտենք, որ ինչքան հայն էր խորշում մահմեդականից, նույնքան և մահմեդական էր խորշում քրիստոնյա հայից, և սրանից առաջ էր գալիս երկու մարմինների մեջ կենտրոնախույս շարժում և արգելք լինում միացման։ Գիտենք, որ եթե պարսիկը, արաբը, թաթարը, և թուրքը հային հավատակից լինեին, այլևս հայ լեզու չէր լինիլ աշխարհիս երեսին կամ, սրա հակառակ, հայախոսների թիվը տասնապատիկ շատ կլիներ։ Լեզվի տեսակետից՝ բարոյապես և մտավորապես ուժեղը կուլ կտար ֆիզիկապես ուժեղին։ Քանի որ մեջտեղ ազգային խնդիր չկար, այլ կրոնական, թուրք և թաթար ընդունելով հայոց կրոնը