Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հագուստի մեջ ամենից առաջ գդակն են փոխում: Հայոց հակառակ թուրքն ամեն ինչ փոխում է, բայց ոչ գլխարկը։ Քրիստոնյան գդակ վերցնելը, խոնարհության և քաղաքավարության նշան է համարում, իսկ թուրքն այդպիսի դեպքերում երկու ձեռքով գդակն ավելի խոր է քաշում գլուխը։ Բանից երևում է, որ ինչպես կան արգելված ուտելիք և խմելիք կրոնական տեսակետից, նույնպես կան և արգելված հագուստներ և հագուստի ընդունված անփոփոխ ձևեր։ Այլ է հոգևորականի հագուստը և այլ շխարհականինը, այլ է զինվորականինը և այլ քաղաքացունը, այլ է հոգևորականի տնային զգեստը և այլ եկեղեցականը։ Մեզանում նորահարսի և նորափեսայի հագուստը օրհնվում է: Նորապսակները ինչ վիճակից էլ որ լինին, պետք է նոր հագուստ հագնեն, ոտից ցլուխ։ Սրա համար է,որ ասում են. «Ծառն ամեն տարի է ծաղկում, իսկ մարդը միայն մեկ անգամ իր կյանքում»։ Եվ ճշմարիտ, մեր գյուղական կյանքում միայն մեկ անգամ են զարդարվում և այդ զարդարանքը երկար ժամանակ պահում բոխչումը, որ ամեն տոն օր հագնեն։ Սրա համար հագուստի կողմից ասում են. «Դու ինձ պահիր բոխչամիջի, ես քեզ պահեմ մարդամիջի»։ Ուրեմն մարդկանց մեջ ընկնելու համար հարկավոր է նոր և մաքուր հագուստ։ Եվ ճշմարիտ, հասարակությունը հագուստին մեծ նշանակություն է տալիս, վատ հագածները ամեն լավ շրջաններից զրկվում են, թեկուզ կրթված մարդիկ լինին։ Ասած է. «Բարեկամը բարեկամի երեսին է նայում, իսկ չարակամը կամ անծանոթը մարդու ոտ ու գլխին»։ Լավ է թե վատ այդ երևույթը, այդ այլ խնդիր է, բայց այսպես է, և այս հանգամանքը մեծ ներգործություն ունի անհատի հաջողության և անհաջողության վրա կյանքի ասպարիզում։ Ասած է. «Հագուստին նայած ընդունում են, իսկ խելքին նայելով ճանապարհ դնում»: Բայց մի՞շտ է այսպես լինում արդյոք։ Ընդհակառակն, ընդունելն ու չընդունելը նախ և առաջ հագուստից է կախված, և իզուր չի ասել մեր տաղանդավոր Գամառ-Քաթիպան.

Թե աղի մոտ լավ շորերով

Կուգաս՝ տանը կու գըթնիս,

Վա՜յ թե չուխեդ հընացած է,

Լավն էս է՝ տուն չմտնիս.