Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց դարձյալ ապրում են, հուսալով, որ մի օր էլ լավ կապրեն` եթե ոչ ալս աշխարհում, գոնե մյուսում։

Մարդն ապրել ուզենալով նաև մեռնելուց հետո, ստեղծել է մի հավիտենական աշխարհ, անհամեմատ գեղեցիկ, քան թե այս աշխարհն է։ Այնտեղ ամենքն էլ` այր թե կին, ծեր թե մանուկ` հավասարապես երջանիկ են։ Ներկա աշխարհի զանազան դասակարգերը, զանազան բարձր ու ցածր աստիճանները այնտեղ գոյություն չունին։ Բացարձակ հավասարություն է տիրում ամենի մեջ։ Ահա հին մարդու ապրելու իդեալը, որ նոր մարդու իրագործությանն է սպասում։

Մի ժամանակ, երբ աշխարհիս կեցությունը ներկայիս համեմատությամբ շատ դառն էր, իսկ վերացական կրոնասիրությունն ավելի սաստիկ, այս հավիտենական կյանքը չափից դուրս էր գրավիչ ու չափից դուրս շատ մարդիկ էր քաշում դեպի ինքը։ Մարդիկն` տուն ու տեղ, կին ու զավակ թողած, փախչում էին այս անցավոր աշխարհից և քաշվում անապատներ, այնտեղ ճգնում, որ սրբվին իրանց մեղքերից և հրեշտակների դասին արժանանան։ Հիմա եկեք ու ասացեք, որ այդ մարդիկը նույնպես ապրելու համար չէին այդպես վարվում, և այն էլ այնպես ապրելու, ինչպես մյուս կյանքի ապրելն էր պատկերանում իրանց երևակայության մեջ։ Բանի վրա նույն ժամանակի տեսակետից նայելով` պիտի ասենք, որ այդ մարդիկը իրանց ժամանակակիցների մեջ ամենից խելոքն էին։ Ի՜նչ բան էր մի քանի տարվա թեթև տանջանքը` համեմատած այն հավիտենական երջանկության հետ, որ պիտի ձեռք բերեին։ Դեռ չեմ ասում այն պատիվները, որ կենդանության ժամանակ ստանում էին բազմաթիվ ուխտավորներից, և այն, որ այս աշխարհումս էլ պիտի սուրբերի կարգն ընկնեին և պաշտվեին։

Երևակայությունը, որով մարդ զանազան ցնորական աշխարհներ է ստեղծում` թե չար և թե բարի, թե երջանիկ և թե թշվառ, հեթանոս հնդկացուն ստեղծել է տվել մի ամենաթշվառ և ամենասոսկալի կյանք։ Նրանց հայացքով` ապրելը մի տանջանք է, որովհետև մարդ մի անգամ չէ ծնվում և մեկ անգամ մեռնում, այլ անորոշ թվով շատ անգամ։ Նա շարունակ ծնվում ու մեռնում է և այն էլ ամեն անգամ մի ջոկ