Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսալուսինը, որ մի կողմից մաշվում և մյուս կողմից նորգովում է շարունակ։

«Ով որ ականջովը չլսի, թիկունքովը կլսի», ասում է առածը: Անօրենների սուրն ու մտրակը քրիստոնյաներին քիչ-քիչ խելքի բերին։

Զարմանալի չէ՞ր արդյոք, որ վայրենի թաթարն ավելի խելք ունենար, քան թե որքան և իցե քաղաքակրթված հայը։ Պաճառը` ինչպես տեսանք, սխալ հասկացած կրոնն էր։ Այս երևույթի մեջ անբնական ոչինչ չկար։ Հավատը պիտի լրացներ իր զարգացման շրջանը` հասնելով իր ամենաբարձր գագաթնակետին, որտեղից բնականաբար կամաց-կամաց պիտի վայր իջներ, տեղի տալով մարդու խելքի զարգացմանը, թեև ոչ առանց ինքնապաշտպանության և կռվի։

— Հարգելի եղբայրներ և քույրեր, թույլ տվեք ինձ այստեղ մեկ միջանկյալ նկատողություն անել.— բացատրել, թե ի՞նչ կնշանակե պատմական զարգացում։ Զարգանալ՝ կնշանակե աճել, մեծանալ։ Նորածին երեխան օրեցօր և տարեցտարի աճում, մեծանում է, և իր հասակի այլ և այլ շրջաններում նորանոր հատկություններ է երևցնում, առաջ միայն կենդանական ուժ, հետո հավատ և ապա առողջ մտածողություն և դատողություն։ Երեխան երբ լրացնում է իր հասունության շրջանը, նա բոլորովին նման է լինում իր ծնողներին, իր հարազատ արենակիցներին, թե ֆիզիկապես և թե հոգեպես։ Այստեղ մենք տեսնում ենք աշկարա, որ ամեն մարդ ժառանգում է իր ծնողների մարմնական և հոգեկան հատկությունները՝ լավ և վատ կողմերով։ Բայց ամեն ոք իր ծնողներից ժառանգապես ստացած հատկությունները նույնությամբ չի տալիս իր զավակներին, այլ փոփոխած, պակասեցրած և ավելացրած։ Ամեն ոք աշխատում է ոչնչացնել իր մեջ այն հատկությունը, որ տգեղ է թվում իրան, որ անվայել է համարվում բանական արարածին, և զարգացնում է իր մեջ այն հատկությունը, որ գեղեցիկ է թվում, որ օգտակար և վայելուչ է համարում։ Ամեն ոք իր ժառանգաբար ստացած հատկությունները իր հասկացողության ու կարողության չափով բարեկրթում է և այնպես տալիս իր ժառանգներին։ Այս է պատճառը, որ թոռները և թոռների էլ թոռները ավելի են լինում բարեփոխված, քան թե