Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրանց թույլ կողմն էին թշնամու առջևը դնում, որովհետև պիտի խելքի հակառակ վարվեին։ Մահմեդականության մեջ ևս չկար խելք, այլ՝ միայն հավատ, բայց բոլորովին հակամարդասիրական և սաստիկ մոլեռանդացնող։ Մահմեդը իր կրոնի մեջ մտցրել էր ոչ միայն մի չափազանց գայթակղեցուցիչ դրախտ, այլև նախասահմանություն, որ կրոնի գլխավոր մասն էր։ Նախասահմանությունը մարդու ճակատագիրն էր, որ ծնվելու օրից դրոշմվում էր նրա ճակատին։ Մարդը մի կամազուրկ և կույր գործիք էր իր ճակատագրի ձեռին. ինչ որ աներ, ինչ որ դառնար, այնպես էլ պիտի լիներ։ Իհարկե ինչպես ամեն մի սնահավատություն, նույնպես և ճակատագիրը զուրկ է տրամաբանությունից. բայց սա է մահմեդականի մոլեռանդության գլխավոր աղբյուրը։ Զինվորներ, ասում էր զորապետը կռիվ սկսելուց առաջ, միտ բերեք, որ ձեր մեռնելու օրը գրված է ամեն մեկիդ ճակատին։ Ով որ այսօր մեռնելու է, նա պիտի մեռնի, որտեղ էլ որ լինի,— տանը, դռանը, ծովումը, թե ցամաքումը։ Իսկ եթե այսօր չէ նրա մեռնելու օրը, նա չի մեռնիլ, թեկուզ կրակ թափեն գլխին։ Դուք արդեն գիտեք, թե պատերազմի մեջ մեռնող մյուսլեմին ինչ փառք, ինչ վայելչություն է սպասում մյուս կյանքում։ Քանի՞ կյանք կտար մարդ յոթանասուն հյուրիներից միայն մեկին արժանանալու համար. բայց ձեզ յոթանասունը միասին է տրվում։ Ձեզ տրվում է հարյուր մարդու ուժ, հավիտենական թարմություն և երիտասարդություն, անկշտում ախորժակ, որ ինչքան էլ վայելեք դրախտի անմահական բարիքը, միշտ էլ ցանկանաք վայելել, և ձեր վերջին պատառը նույնքան համեղ լինի, ինչքան և առաջինը։

Այս մոլեռանդ արնախումների դեմ ի՞նչ կարող էր անել քրիստոնյան իր հավատովը, որով սուր բռնելը մեղք էր համարում. նա միայն կարող էր նահատակվել, որ այն կյանքումը մարտիրոսական պսակին արժանանա։ Եվ նահատակվում էին խմբերով ու բանակներով։ Մահմեդականի հավատի մեջ սուր կար, իսկ քրիստոնյայի հավատի մեջ պատրաստի պարանոց. «Սուր քո և պարանոց մեր», ասում էին քրիստոնյաները և ամենայն քաջությամբ... նահատակվում։ Վերջապես մահմեդականությունը սանձարձակ առաջ վազեց, տիրեց Հայաստանին ու հռչակավոր Բյուզանդիոնին, և խաչի տեղ տնկեց իր