Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգային առածին։ Մի միսիոնար գնում է Աֆրիկեյի վայրենիներին քարոզելու։ Երևի առաջին անգամը չի լինում, որ նրանք սպիտակ քարոզչի երես են տեսնում. իսկույն հավաքվում են մոտը և առաջին հարցմունքը լինում է այն՝ թե նա հաց բերե՞լ է արդյոք իրանց ուտեցնելու համար։ Միսիոնարը ինչ պաշար, որ ունենում է, տալիս է նրանց. նրանք էլ մի կողմից ուտում են և մյուս կողմից լսում են նրա քարոզը։ Այս միջոցին, որտեղից որտեղ մի որս է անցնում նրանց մոտերիցը։ Ամենքն էլ վեր են թռչում, վազում որսի ետևիցը, բացի մի երկուսից, որոնք շարունակում են լսել։ Երբ որ քարոզը վերջանում է, այդ մնացողներն ասում են միսիոնարին. «Ինչ որ ասացիր, շատ լավ ասացիր, մենք ընդունում ենք. բայց որովհետև քեզ մոտ մնալով մենք զրկվեցինք մեր բաժին որսից, դրա փոխարեն դու պետք է վճարես մեզ կամ հացով և կամ դրամով»։

— Հարգելի եղբայրներ և քույրեր, իմ այսօրվա բնաբանից դուրս է քննել կրոնի նշանակությունը (այս մասին ես խոսելու եմ մի ուրիշ անգամ), այլ միայն կամենում եմ ցույց տալ, թե մարդ ամենայն ինչ որ անում է, լավ թե վատ, ապրելու համար է անում։ Առաջ կրոններն էին առաջնորդում մարդուն դեպի բարեկեցություն, այսօր այդ դերը գիտությունն է կատարում։ Կրոնական դասակարգը ամենից լավ է առել նոր տեսակ ապրելու համը և նա, մնալով իր հին դիրքի և իշխանության մեջ, այդ իշխանությունը գործադրում է իր մարմնական և աշխարհային պետքերին, իր բարեկեցությանը։ Այսօր այդ դասակարգը իր գոյությունը պահպանելու համար՝ հետզհետե աշխարհականանում, գիտնականանում է իր շահի, իր օգուտի համար։ Գիտության նոր վերածնված ժամանակ այսպես հաշտ չէր նրա հետ, այլ սաստիկ թշնամի։ Կրոնական դասակարգը որքան կարողացավ, հալածեց և գիտությունը, և գիտնականներին, բայց վերջ ի վերջո խոստովանեց, որ մարդու հանճարն ևս աստված է տվել, որ նա կարողանա իր կյանքն ապահովել աշխարհիս երեսին։ Եվ այս կողմանե առաջին օրինակն ինքն է տալիս, չարաչար պաշտպանելով իր դասակարգական շահերը։

Մարդու հավատալը չի գալիս, որ միևնույն ազդի մեջ այս