Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրա համար մի օրինակ բերենք նյութական աշխարհից: Մի գյուղի մեջ ամենքն էլ ունին իրանց ջոկ-ջոկ հողաբաժինը, արտը, այգին և արոտատեղը։ Կա և մի այլ արոտատեղ, ավելի մեծ, որ մասնավորի սեփականություն չէ, այլ պատկանում է ամբողջ համայնքին: Եվ ահա հարևան գյուղից մի քուրդ, իր հոտն առաջն արած, հրացանն ուսին, իր հովիվներով և բարգ ու բարխանայով անցնում է այդ տեղով դեպի իր լեռները։ Նա հանդիպում է մասնավոր արոտատեղին և, առանց այլևայլության, իր հոտն անում է նրա մեջը, որ մի լավ կշտացնե։ Արոտատերը տեսնում է այդ բանը, հարայ է տալիս. ոչ ոք չի գնում նրան օգնելու, ինքն էլ մենակ վախենում է գնալ: Ո՞վ է գժվել իր անցավ գլուխը ցավի մեջ գցել. ինչո՞ւ համար, քանի որ իրան մի վնաս չի հասնում։ Տերը մնում է անճարացած, իսկ քուրդը վայելում է ուրիշի սեփականությունը։ Նույն քուրդից հետո գալիս է մի ուրիշ քուրդ, ավելի բազմաթիվ հոտերով և հովիվներով, ավելի ահեղ զինավորված, բացի հրացանից ունի նաև վահան ու նիզակ և մեկ-մեկ կեռ թուր էլ կողքերից քաշ արած։ Սրանք իրանց հոտերն անում են համայնքի արոտատեղը։ Հանկարծ գյուղի ամեն անկյունից հարայ հրոց է բարձրանում և մի ակնթարթի մեջ ամբողջ գյուղը տեղիցը գջլված՝ վազում է պաշտպանելու իր սեփականությունը։ Ասել պե՞տք է արդյոք, թե ինչ սև օր կմթնեցնեին քրդի գլխին։ Սուտ հո չէ՞ ասած, թե՝ «Համայնքը որ հավաքվի, գերան կկոտրի»: Կիսաշունչ եղած քուրդը խոստովանում է, որ ինքը սխալվել է, չի իմացել, որ արոտատեղը ամբողջ համայնքին է պատկանում։

Այս դեպքից պարզապես երևում է, որ մի անհատ, թույլ և անզոր լինելով իր առանձին սեփականությունը պաշտպանելում, շատ զորեղ կարող է լինել ընդհանուր սեփականություն պաշտպանելում, որովհետև այստեղ նա մենակ չէ, այլ ընդհանուրի հետ, որից կազմվում է մի հավաքական խոշոր ուժ։ Բայց ավելի հետաքրքրական է քրդի խոստովանությունը, թե նա չի իմացել, որ արոտատեղը ամբողջ հասարակությանն է պատկանում։ Այս ի՞նչ է նշանակում։ Ուրեմն մասնավոր մարդունը կարելի՞ է ուտեցնել։ Այո՛, և այդ բանը ոչ ոքի զարմանքը չի հարուցանիլ, դա մի ընդունված և սովորական բան է: