Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ թե այս ծառի չափ, այլ շատ ավելի սիրելի է ամեն մեկի համար իր ծննդարանը, նրա խոր-խոր ձորերովը, մութ անտառներովը, ծաղկաշատ լեռներովը, ականակիտ ու վճիտ աղբյուրներովն ու վտակներովը։ Ապա իր ուխտատեղիքը, որ այցելում է ամեն տարի և միշտ էլ անհամբեր սպասում է, թե երբ կգա տոնի օրը, որ տեսակցի իր հեռաբնակ բարեկամների հետ և ուրախ ու զվարթ Ժամանակ անց կացնե։ Ապա՜ իր եկեղեցին, ուր նա մկրտվել է։ Ապա՜ իր սիրելիների շիրիմները, որոնց հետ թաղված է իր սրտից մեկ-մեկ կտորը։ Ո՛չ, մարդը սիրտ ունի, հոգի ունի, նա մի բյուրեղացած խելք չէ և ոչ էլ ճարպապատ, անարյուն և անզգա մի մարմին, մի մարդակերպ խոզ։

Թողնենք մարդու այս բանաստեղծական կողմը և դառնանք նրա նյութական կողմին։ Բայց որ չկարծեք, թե մարդու հոգեկան աշխարհն ուրիշ օրենքի տակ է գտնվում և մարմնականե՝ ուրիշ, պետք է հիշեցնեմ ձեզ, որ տիեզերքի մեջ ջոկ-ջոկ օրենքներ չկան։ Միևնույն օրենքն է տիրողը թե հոգու և թե մարմնի վրա։ «Մարդը սիրում է ինքն իրան և այն ամենը ինչ որ իրանն է համարում»։ Այս է ահա օրենքը։ Հիշյալ ծառը եթե մի մասնավոր անձի սեփականություն լիներ, նախ և աոաջ նա չէր դառնալ ընդհանուրի համար ժողովատեղ և զբոսարան։ Տերը թույլ չէր տալ։ Իսկ եթե նա տնկած լիներ մի ուրիշ տեղ, տիրոջ աչքիցը հեռու, ով ասես իր կացնի ուժը նրա վրա կփորձեր, նրան կկեղևեին և կչորացնեին։ Մարդն իր ծննդարանն է սիրում, և ոչ ուրիշինը. իր սիրելիների վրա է ողբում այնպես աղեկտուր և հուսահատ, և ոչ ուրիշի։ Մարդն իր եկեղեցին է սիրում, և ոչ մի օտար հավատի աղոթարան, որ մի հաջող դեպքում պատրաստ է նաև քանդելու։ Շատ բաներ կան, որ մարդ պետք է իրանը համարեր և սիրեր ու պաշտպաներ, բայց որ չի անում, այդ կախված է նրա ճանաչողության աստիճանից։ Նա այդ բաներն էլ կսիրե և կպաշտպանե, երբ որ կհամոզվի, որ իրանն է։ Նա հասկանում է, որ ուրիշին օգնելը մի բարոյական պարտք է, բայց չի հասկանում, որ այդ բարոյական պարտքը կատարելուց մարդիկ նյութապես կշահվին։ Քանի որ այդ շահը նրա համար տեսանելի չէ, նա էլ չի օգնում: