Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի զարնվում, երբ մեկը խոսում է օտար լեզվով։ Մեր գերմանացի գաղթականները սովորել են տեղական բարբառներով խոսել, բայց եթե նոցա խոսելիս ականջ դնես, առանց երեսը տեսնելու էլ կարող ես իմանալ, որ խոսողը գերմանացի է․ այսպես կարող ես նշմարել և ռուսին։ Նույնիսկ թուրքերը, վրացիք և հայերը, որոնք դարերով միմյանց դրացի են եղել, դարձյալ չեն կարողանում միմյանց լեզվով խոսելիս իրանց ազգային հնչական առանձնահատկությունը ցույց չտալ։ Մենք թուրքերի պես բարակ ձայնավորներ և բաղաձայն չունինք, ուստի նոցա լեզվով խոսելիս նոցա բարակները մեր ունեցածովն ենք արտասանում: Ռուսները չունին մեր ծ, ձ, մ, ջ, թ, փ հնչյունները, ուստի ե մեր «Թառթառ» գետը ռուսաց լեզվումը դառնում է «Տերտեր»։ Այս ճշմարտությունը շատ վաղուց հայտնի է, ես ուզում եմ միայն, որ այս վաղուց հայտնի իրողության վերա ուշադրություն դարձն են մեր մանկավարժները։

Հայ երեխային օտար լեզու սովորեցնող վարժապետներից նա ավելի լավ կսովորեցնի, որ գիտե այդ երկու լեզվի մեջ եղած քերականական տարբերությունը, կսովորեցնե համեմատական եղանակով, որ թե՛ զարգացուցիշ կլինի և թե՛ արդյունավոր, իսկ հայ երեխային հայերեն սովորեցնող վարժապետն ավելի արդյունք ցույց կտա, եթե հմուտ է երեխայի բարբառի առանձնահատկություններին և կիմանա որոշել, թե առաջ եկած դժվարության պատճառը անհատակա՞ն ,Է, թե տեղական կամ ազգային։ Թիֆլիսցու համար մեր բ, գ, դ, ձ, ջ գրերն այնքան դյուրահնչյուն են և կարծր,որ դեռ պետք է մի փոքր մեղմացնել տալ մի քանի բառերում, մինչդեռ ղարաբաղցու համար դոքա անհնչելի են և առանձին խնամրի կարոտ։ Եթե ղարաբաղցիք ասում են այիփ, պեն, կիմ, տա - գիտությամբ չեն այդպես ասում, այլ այդպես ասելն է նոցա բարբառին հատուկ, ինչպես տաճկաստանցոց հնչական խանգարմունքն ու կորուստը դարերի արդյունք է։

Հիմա մեր խոսքը մասնավորացնենք ը հնչյունի վերա։ Մենք մեր լեզվի բաղաձայնների մեջ սովորություն ունինք մի ը ձգելու և այդ սովորությանը ենթարկում ենք նաև օտար


141