ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ
«Նոր Դպրոց»֊ի այս տարվա չորրորդ համարում տպվեց իմ մի հոդվածը «Հայերեն գրագիտություն ուսուցանելու նախադասության մասին»։ Նրանում՝ իբրև սոսկ ցանկություն ապագայում լինելիք՝ ասել էի, թե՝ «Ժամանակով միայն մանկական ծաղկոցները կընդունեն անգրագետ մանուկներ, իսկ դպրոցների նախակրթարանները անգրագետ մանուկի երես չեն տեսնիլ»։ Ասել էի նաև, թե՝ «Գրագետ և գրասեր ծնողների զավակները չեն կարող անգրագետ մնալ մինչև ութ տարեկան դառնալը»։
Իմ այս ենթադրությունները գրելիս ինձ հայտնի չէր, որ դա իրագործված է արդեն մի որևիցե տեղ։ Մոտ օրերս ձեռքս ընկավ մի նոր շաբաթաթերթ ռուսերեն՝ «Наш журнал» անունով, որի 3-րդ համարում մի հոդված կա տպված «Ֆինլանդական տարրական դպրոցները» վերնագրով։ Այդ հոդվածում ի միջի այլոց ասված է, որ ֆինլանդացոց դպրոցները լինեին դրանք քաղաքում, թե գյուղում, անգրագետ մանուկներ չեն, մտնում, այլ սովորած են լինում կարդալ գրելը քաղաքացիք՝ մանկական պարտեզներում, իսկ գյուղացիք իրանց ընտանիքում, իրանց մայրերից։ Գյուղերում մանկական պարտեզներ չկան, իսկ քաղաքներում շատ կան։ Քառասունութ հազար հոդի ունեցող քաղաքում երկու հարյուր վաթսուն մանկական պարտեզներ կան։