Գյոպի մանուկների համար ահա թե ինչ է ասված։ «Մայրը պարտավոր է ուսումնարան տանել յոթը տարեկան մանուկին արդեն սովորած թե՝ գրել֊կարդալը և թե՝ համրելը՝ մինչև տասը։ Իմ բնակարանի տանտիրուհին,— ասում է հոդվածագիր վարժուհին,— մի քանի երեխա ուներ ամեն հասակի։ Օգոստոսին իր մի աղջկան յոթը տարին պիտի լրանար, և նա պիտի դպրոց մտներ։ Պետք էր տեսնել, թե ինչպես ամբողջ ընտանիքը նրանով էր զբաղված, երբ գործ չէր լինում։ եղբայրը հնձատեղից գալիս է ահա ճաշելու։ Իսկույն դառնալով քրոջը, ասում է.— Աննա, պետք է կարդանք։
Մայրը կովը կթում է, իսկ աղջիկը մոտը կանգնած համրում է մատները։ Մեկ անգամ հարցրի ես տանտիրուհուս.— Եթե աղջիկդ մինչև աշունք չսովորե գրել֊կարդալ, այսպես կտանե՞ս ուսումնարան, թե ոչ։
— Ի նչ եք ասում,— պատասխանեց մայրը զարմացած,— այդ անկարելի է. դա մեզ համար մեծ անարգանք կլինի։
Այստեղ մայրերն են սովորեցնում իրանց երեխաներին ինչպես ասեղ թելելը, այնպես էլ գրիչ բռնելը, ինչպես կար ու գործը, այնպես էլ գրել֊կարդալը։ Իսկ իրանք՝ մայրերը այդ գործը լավ կատարելու համար լավ էլ պատրաստված են լինում իրանց դպրոցներում…»։
Ուրեմն փոքրիկ Ֆինլանդիան կրթության կողմից ոչ միայն հետ չէ մնացած ոչ մի առաջադեմ երկրից, այլ դեռ շատերից էլ առաջ է անցել։