Մեկ անգամ մի մշեցի ինձ մի այնպիսի բան ասաց, որ ես կյանքումս առաջին անգամ լսեցի և որից շատ բան սովորեցի։ Ասացի, քրդերը ձեզ շա՞տ են նեղացնում։ Նա պատասխանեց, թե՝ քրդերը մեզ վրա այնպես են նայում, ինչպես իրանց ոչխարների վրա. մեզ կթում են, խուզում են, և այս պատճառով էլ մեզ համարում են իրանց համար օգտակար կենդանի և այս պատճառով էլ նրանք շատ անգամ մեզ պահպանում են, օգնում են։ Շատ անգամ է պատահել, որ մեր առիթով քրդերի երկու ցեղեր իրար դեմ են դուրս եկել, կռվել և ջարդել իրար։ Մի ցեղն ուզեցել է մեզ վրա հարձակում գործել և կողոպտել, մյուսը կտրել է նրա առաջը և պաշտպանել, ասելով, մեզ պահողը հայերն են, մեր հացը նրանք են տալիս, եթե նրանք չլինին, մենք կարող ենք սովամահ լինել։ Եթե հայերի արտերը ոտնատակ տանք, խուրձերն այրենք, հետո մենք ի՞նչ կուտենք այնուհետև։
- Ուրեմն այդ քյուրդերը այնքան էլ հիմար և վայրենի չեն, ինչքան մենք կարծում ենք։
- Ո՞ր կենդանին չգիտե, թե իր սնունդը որտեղից է ստանում։ Հայերը սննդարար ժողովուրդ են, մեղվի և շերամի հատկություն ունին։ Ամենաբարբարոս ազգերն էլ, եթե հայերին տիրել են, չեն ուրացել հայ ժողովրդի օգտակարությունը, եթե խմբերով գերի են տարել, դարձյալ նրանցից օգտվելու համար։ Քանի քանի պետություններ հայերի օգտակարությունը ճանաչելով՝ զանազան արտոնություններ տալով՝ հրավիրել են իրանց երկիրը։ Դեռ պատահած չեմ, որ հայ ազգը հալածված լինի մի որևիցե երկրում, ինչպես հալածվում է, օրինակ, հրեան ոչ միայն քրիստոնյա աշխարհներում, այլև մահմեդական։ Պատճառն այն է, որ աշխարհաշեն, երկրաշեն է, հողագործ է, մշակ է, արհեստավոր է, ազնիվ վաճառական է։ Հայն ազգ է և նշանավոր ազգ, պատվական և ազնիվ ազգ, ամեն ազգերի համակրությանը և սիրուն արժանի, հայը մարդկության ամենապատվականան՝ դամներից մեկն է, թշնամի լինել հային, կնշանակե թշնամի լինել մարդկությանը։
- Դուք այդպես կասեք, իհարկե, իբրև ազգասեր, բայց պետք է մի քիչ էլ քննական հայացք ձգել հայի թերություն-
287