«Արություն և Մանվելի» երկրորդ հրատարակության երկրորդ գրքի առաջին գլխումը։
Այս ժամանակ ես այնքան հասունացա և գիտակցության եկա, որ իմ մանկական սիրահարությանս խենթություն լինելը զգալի եղավ ինձ համար, և ինձ մեղավոր ճանաչելով՝ ասում էի աղոթքիս մեջ «Տէ՛ր, մի՛ յիշեր զմեղս մանկութեան իմոյ…»։ Այդ սիրո տեղ իմ մեջ զարթնեց մի նոր սեր, սեր առ ուսումն և սա էլ նույնքան աղետալի դարձավ ինձ համար, ինչքան և առաջինը։ Տոգորվելով նորանոր գաղափարներով, ազատվելով շատ նախապաշարմունքից, սկսեցի անխնա հարձակվել այդ նախապաշարմունքների դեմ, որով դարձյալ զայրացրի հորս և նա ոչ միայն չօգնեց ինձ, որ ես շարունակեմ ուսումս, այլ կրկին անգամ դուրս արավ ինձ տանից իբրև աստուծո ծրից դուրս եկած անառակ որդու։ Այս մասը նույնպես նկարագրած եմ հիշյալ վեպիս մեջ և դրանով էլ վերջացրած։ Այսուհետև ինչ որ ասելու եմ, դրա շարունակությունը կլինի՝ առանց նրա վիպական ձևն ունենալու։
Նույնատեսակ կենդանիք իրանց միջից հալածում են արտաքուստ իրանց նման չեղող ձագերին։ Այս մի այնպիսի հատկություն է, որով անբանները մաքառում են իրանց տեսակի կերպարանափոխության դեմ և թեպետ չեն կարողանում տեսակափոխության առաջքն առնել, բայց այդ գործն այնքան դանդաղեցնում են, որ նա կատարվում է անհուն դարերի ընթացքում։ Անբանների այս հատկությունը գտնվում է և բանականների այն դասակարգի մեջ, որոնք անվանվում են հետադեմ, խավարամիտ և պահպանողական։ Եթե բանականների մեջ չլիներ այս հատկությունը, լուսավորությունը առաջ կերթար անընդհատ և հսկայական քայլերով, բայց այսպիսի բան չկա բնության մեջ, ամեն կենտրոնախույս զորություն ունի և իր կենտրոնաձիգը։ Այս հանգամանքը մի չարիք չէ, այլ բարիք, պետք է գիտենալ միայն, թե ինչպիսի զենքով պետք է պատերազմել տգիտության և խավարի դեմ և միանգամ ընդմիշտ համոզվելու