մեջ, անկեղծ ազգասիրություն կար։ Սակայն ոչ ոք մեր գրական գործի վրա այնքան մեծ զոհողություն չի արել այդ ժամանակ, ինչքան պ. Համբարձում Էնֆիաճյանցը, որի տունն իսկ այդ ժամանակ շարունակ մի ժողովարան էր և մի ճաշարան։ Նրա նախագիծը շատ լայն էր, իսկ իր ժամանակակիցների հասկացողությունը շատ սահմանափակ։ Նա ուզում էր մի մեծ ընկերություն կազմել, աշխարհականների մի ուխտ, որ պիտի ունենար Մխիթարյանների պես հարուստ և գեղեցիկ տպարան և ձուլարան և մի հարուս տ «թանգարան վերածնության», այսինքն՝ մեծ մատենադարան, պիտի ունենար իր սեփական ամսագիրն ու լրագիրը, բայց անհնարին էր այն ժամանակ այս ծրագիրն իրագործել, քանի որ հասուն մտքի տեր մարդկանց թիվը շատ սահմանափակ էր. հունձ շատ կար, բայց մշակ սակավ. հավատացյալների թիվն աճում էր, բայց հովիվներ չկային։ Մեր գրական գործիչները բոլորն էլ դեռևս նորուս և թերուս մարդիկ էին, լեզուն նույն պես նոր էր սկսում կազմակերպվիլ, նոր էր ձեռնարկվում հասարակական թատերերգության, նոր էին բարեկարգվում ուսումնարանները։ Այս նոր և թարմ հոսանքի միակ պատճառը ամբողջ պետության մեջ նոր սկսվող ռեֆորմներն էին, որոնք մեզ համար անակնկալ էին, նրանցից շահվելու ոչ մի նախապատրաստություն չունեինք. ծերունի Ներսեսի հեռատեսությունը մինչև այդ մոտիկությունը չէր հասել, մեր մտավոր և բարոյական վերածնությունն սկսվեց Մատթեոսի օրով։
IV
Մարդ նախապաշարվում է մի բանով, նախքան իմանալը, որ նույն բանը մի ստութուն է և մոլություն։ Իսկ երբ վերահասու է լինում, որ հավատացել է մի սուտ բանի և նույնը իր համար մի ցավ շինել, դրանով նույն ցավիցն իսպառ չի ազատվում։ Բայց այս էլ բան է, որ իմանում է, թե իր ունեցածը մի ցավ է և գիտե էլ, թե ինչից է ստացել այդ ցավը։ Սրանով նա մտքով, այսինքն՝ դատողությամբ