Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես եղել եմ այստեղ և դուրս եկել, որի համար ինձ այլևս չեն ընդունում, բայց խնդրում եմ, որ ինձ բացառություն համարեք, որովհետև ես իսկապես գրաշար չեմ, այլ ուսանող․ պատրաստվում եմ քննություն տալու, բայց ոչ մի նյութական հնար չունենալով, գրաշարությամբ եմ պահում ինքս ինձ։ Ես խնդրում եմ, որ ինձ ընդունեք իբրև ազատ գրաշար, ընդհանուր կանոնից դուրս, և թույլ տաք մինչև անգամ, որ ես միայն մինչև կեսօր պարապեմ, իսկ կեսօրից հետո զբաղվեմ իմ դասերովս։ Այս մարդը թեպետ դարձյալ գերմանացի էր, բայց այս անգամ գերմանացու անգթություն ցույց չտվավ և ինձ ընդունեց կրկին անգամ իմ ուզած պայմանով։


Քիչ աշխատելով՝ քիչ էլ վարձ էի ստանում։ Ծախքս չափավորելու համար դուրս եկա սենյակիցս և այնուհետև անկյուններ էի վարձում ումևիցե բնակարանում։ Որքա՞ն վիպական նյութերի տպավորություններ եմ ստացել ես այդ հռչակավոր անկյուններից։


Մեկ ձմեռ այդպիսի մի անկյունում մրսեցի և հիվանդացա։ Կարծելով որ տիֆ կլինի կամ տիֆ կդառնա և ինձ կտանի դեպի հավիտենականություն, գլուխս տաքացած ժամանակ երևակայությունս էլ տաքացավ, սկսեցի մի շատ երկար ոտանավորով գլխովս անցածը նկարագրել, որ հիշատակ մնա։ Հիվանդությունս սաստկացավ, ինձ տարան հիվանդանոց։ Այստեղ երկու շաբաթ մնալով՝ առողջացա։ Արձակելիս ինձանից փող ուզեցին․ ասացի՝ չունիմ, և ինձ ազատ թողին, վերցրին միայն իմ անցագրի հասցեն։ Գրել էին մեր գավառապետին և նա էլ մեր տանից պահանջել էր 15 մանեթ, թե ձեր տղան Պետերբուրգում հիվանդանոցումն է եղել, նրա վարձը պետք է տաք։ Խեղճ ծնողքս կարծել էին, թե ես հիվանդանոցում մեռել եմ, ընկել էին սուգի մեջ։


Հիվանդանոցից որ գնացի անկյունս, էլ ոտանավորս չգտա։ Հրեուհի տանտիկինս՝ անպետք բան համարելով՝ ձգել էր հնոցը։ - Ես չգիտեի, որ դուք գրող եք և այն էլ բանաստեղծ - արդարացրեց իրան պարզամտությամբ և ա՜խ, ա՜խ անելով, - ձեզ կվարձատրեին անշուշտ նրա համար, և դուք էլ կվճարեիք մեր ճաշի և անկյունի վարձը, ափսո՜ս, ափս՜ոս…


386