Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոյն. զի ոչ ապաքէն մի է հոգի, որ կա յամենեսին։ Բայց ինչպես որ մարդս կարող չէ սիրել աստծուն առանց սիրելու յուր նմանին, սույնպես կարելի չէ սիրել մարդկությանը, ինչպես որ մարդս կարող չէ սիրել աստծուն առանց սիրելու յուր ընտանիքը, և ոչ յուր ընտանիքը, առանց սիրելու յուր անձը։ Վասն զի սիրո աղբյուրը անհատի մեջն է կայանում և այդ նորա սեփականությունն է, նորա անձին, նորա բնավորությանը համար է և այդտեղից սկսում է ծավալել նա այդ սերը նոցա վերա, որոնց հետ նա սերտ կապակցություն ունի։ Ի՞նչ կապակցություն կա կիրակոսի և հոտենդոտի մեջ, որոնք իրարու գոյության մասին տեղեկություն չունին։ Սորանից երևում է, թե որքան մոլորված են մեր այն երիտասարդները, որոնք չեն սիրում իրանց ազգը, թե՝ մենք սիրում ենք ընդհանուր մարդկությունը։ Իրավ է, աշխարհիս մեջ եղել են երևելի անձինք, որոնց սերը և օգուտը սփռվելն է աշխարհիս մի երկու մասի մեջ, բայց գործը սկսվել է միևնույն աղբյուրից, որի վրա մենք մատնացույց եղանք։ Թո՛ղ դոցանից յուրաքանչյուրը մի֊մի հանճար դառնա և մարդկության մեծամեծ օգուտներ տան, որով ապացուցած կլինին յուրյանց սերը, մենք էլ իբրև մարդկության մի անդամը, օգուտ կքաղեինք դոցա տված օգուտից։ Թnղ կիրակոսը հեռագրության գյուտը անե, մարկոսը՝ շոգեշարժների, մարտիրոսը՝ տպագրության, բայց որ այսպիսի մի բան այդ պարոններից դուրս չի գալիս, էլ ինչո՞վ են ապացուցում, թե սիրում են ընդհանուր մարդկությունը։ Հանճարավոր մարդը հանճարավոր ժողովրդից է ծնում. քանի որ մեր ժողովուրդը հանճարավոր չէ, մեր ոչ մի անդամը հանճար չի դառնար։ Եթե այսօրվան օրս երկու ջուխտ մի կենտ խելացի ուսումնական ունինք, դոքա էլ մեր կյանքի ծնունդները չեն, ուստի և անչափ հեռու են տակավին հանճար լինելուց։ Աշխատենք ուրեմն մեր ազգին ընդունակ առնել հանճար ծնելու։ Սիրենք մեր ազգը, որով սիրած կլինենք և մարդկությունը․ պատվենք մարդկությունը և ուսանինք նոցանից սիրել մեր ազգը:

Ղ․ Աղայան, Երկերի ժող. հ. IV