Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3.

ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ

Որքա՜ն հոգեթափանց, որքա՜ն սրտախոց է աշնան դժգոյն օրերի թախծալի վախճանը, ցաւի չափ թախծալի՜։

Դա այն հեշտաշունչ, աղօտ ու անորոշ զգացումներից է, որոնք ուժգին են, բայց դուրս չեն ցայտում։

Եւ, մի՞թէ կայ աւելի խոր խայթոց, քան անեզրութեան խայթոցը։

Անասելի հիացումով հայեացքդ երկնի ու ծովի անսահման ծոցն է սուզւում։

Մենութի՜ւն, խաղաղութի՜ւն, լազուրի անզուգակա՜ն սրբութիւն։

Հեռածաւալ հորիզոնում մի առագաստ է օրօրւում։

Իր միայնութեամբ և ունայնութեամբ որքան նման է նա անամոք իմ գոյութեան։

Ալիքի միաձայն մեղեդի՜ն...

Այդ բոլորի խոհերն ինձնով են լեցուն, և ես նրանց վրայ եմ խորհում (Չէ՞ որ այդ մտորումների վեհութեան մէջ ես-ը շատ արագ է անհետանում)։

Նրանք խորհում են, ասի ես, երաժշտօրէն, պատկերաւոր, առանց նրբաբանութիւնների, առանց սիլլոգիզմների, առանց եզրակացութիւնների։

Եւ այս խոհերս, որ չը գիտեմ՝ արդեօք ինձնի՞ց թէ առարկաներից են բղխում, ուժգին ու արագ լարւում են, և ահա նեղութիւն և ցաւ է այդ հեշտանքը և իմ կսկծոտ ու լարուած նեարդերն ահա դողում են և սասանում են ցաւագին։

Ահով է լցնում ինձ երկնի խորութիւնը, սրտմտեցնում է ինձ նրա ականակիտ պայծառութիւնը։

Ա՜հ, մի՞թէ յաւէտ պէտք է տառապել, կամ անվերջ փախչել գեղեցկից։

Բնութի՛ւն, մշտայաղթ ախոյեան, հեռացի՛ր, թոդ ինձ, մի՛ փորձիր իմ տենչերն ու հպարտութիւնս։

Գեղեցկի ըմբռնումը մենամարտ է, ուր դեռ չը յաղթահարուած՝ արուեստագէտն արդէն աղաղակում է։