հոգիներին, որ իրանց համար մարմին են որոնում, պօէտը մտնում է, երբ կամենայ, ամեն մի անձի մէջ։ Միայն պօէտի առաջ բաց է ամեն ինչ, իսկ երբ թւում է, թէ մի տեղ փակ է նրա համար, դա նշանակում է, որ պօէտը այդ տեղն այցելելը հետաքրքրական չի տեսնում։
Մենակ ու մտախոհ ճեմելով, պօէտն անզուգական արբեցում է զգում այդ ընդհանրական հաղորդակցաթեան մէջ։ Նա, ով դիւրութեամբ կարողանում է խառնուել ամբոխին, գիտէ այնպիսի տենդագին վայելքներ, որոնցից յաւէտ զուրկ է սնդուկի պէս փակուած էգոիստը և որդի նման իր կեղևում ամփոփուած պարապորդը։ Ընդունում է պօէտն իր կեղևում ամեն մի արհեստ, ամեն խնդում և ամեն վիշտ, որ բերում է նրան պատահարը։
Այն, ինչ մարդիկ սէր են կոչում, շատ է փոքր, չնչին ու չափաւոր համեմատած այդ օրգիայի հետ, այդ սուրբ պոռնկութեան հետ հոգու, որն անձնատուր է լինում լիովին՝ համայն ջերմութիւն, համայն պօէզիա՝ իր առաջ բացուող անակնկալին, անյայտին, անցողիկին։
Պէտք է երբեմն յիշեցնել աշխարհի երջանիկներին, գէթ նրանց յիմար գոռոզութիւնը խոնարհեցնելու համար, որ կայ երջանկութիւն աւելի բարձր, բան նրանցն է, աւելի նուրբ ու լայնածիր։
Գաղութների հիմնադիրները, ժողովրդի հովիւները, միսիոնար քահանաները, որ նետուած են աշխարհի ծայրը, անշուշտ, մասամբ ծանօթ են այդ խորհրդաւոր արբեցումներին և այն ընդարձակ ընտանիքում, որ իրանց հանճարի զօրութեամբ է ստեղծուած, նրանք երբեմն պիտի ծիծաղեն այն մարդկանց վրայ, որոնք իրանց խըղճում են իրանց վիճակի համար՝ այնքա՜ն խռովայոյզ և իրանց կեանքի համար՝ այնքա՜ն ողջախոհ։