Իջնում է գիշերն անգութ ու մթին,
Եւ այգը բացւում դառն ու մահահոտ.
Բայց հրկէզ հոգիս մորմոքում այս տօթ․
Հաւատում է դեռ քո առաւօտին.
Թող կիտուի խաւարն առաւել խրթին
Եւ չար խինդ ճնշէ հողն իմ արիւնոտ,
Ու թող գայ՝ թէ կայ աւելի չար բօթ
Մեխուի զոհ֊երկրիս անարգուած սրտին.
Ուխտաւոր անդուլ, դարերի ժառանգ,
Մի հէք նաիրցի՝ գնում եմ անկանգ.
Թող գուժկան գիշերն ահասարս դաւէ,
Որքան մութը սև՝ այնքան ես յամառ.
Այրուիր, երկիր իմ, հաւատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակդ վե՛հ․․․
2.
Հայրենիքում իմ արնաներկ
Մայիսն իջաւ անլոյս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքա՜ն սիրերգ
Եւ վարդի բոյր,և սրտի հուր։
Ամեն մի միտք՝ հիմա մի վէրք,
Ամեն հայեացք՝ հատու մի սուր.
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք՝ անզօր ու զուր։
Մի օր ինչ վա՜ռ ծաղկեց մոգուած
Մեր նաիրեան սիրտը բեկուած,
Հրով որքան խորհրդաւոր․․․
Ահա, որպէս ծաղիկ թեքուած,
Մեր հին հոգին համր ու մոլոր.
Ա՜խ, և անզօ՛ր, և անարգուա՛ծ․․․