Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուել նախարարական ու ազնուական տոհմերը «տանն հայոց երկրին», յիշատակելով նաև բնակչութեան միւս դասակարգերը։

«Ժողովուրդ» բառի այժմեան գործածումը լատիներէն «populus» բառի իմաստով համեմատաբար նոր ժամանակների ծնունդ է, և պէտք է ասել, որ «ժողովուրդ» բառն այդ նոր նշանակութեամբ շատ ճիշտ ու յաջող արտայայտում է պետական համայն բնակչութեան գաղափարը, որովհետև իսկապէս որ ժամանակակից ամեն մի պետութեան բնակչութիւն կուլտուրական տարբեր խմբակցութիւնների կամ ազգերի ժողովակոյտ մի միութիւն է։

«Ազգ» և «ժողովուրդ» բառերի նշանակութեան ու բովանդակութեան վրայ անհրաժեշտ էր մի փոքր երկար կանգ առնել, որովհետև այդ բառերի ստոյգ ու ճշգրիտ սահմանումը մեզ ազատ կը պահէ այն սովորական թիւրիմացութիւններից, որոնք արդիւնք են սխալ ու շփերթ տերմինոլոգիայի ու բառերի խառնաշփոթ գործածութեան։ «Ազգ» բառը մենք գործ ենք ածելու միմիայն ծագումով, անցեալով ու լեզուով իրարից տարբերուող կուլտուրական խմբակցութիւնների համար, իսկ որևէ, պետութեան ստորադրուած, քաղաքական բնոյթ ունեցող մարդկանց համամիութիւնը մենք անուանելու ենք «ժողովուրդ», այլ ոչ թէ «ազգ»։ Թէ ինչ խոշոր նշանակութիւն ունի այդ բառերի ուղիղ ըմբռնումը, ցոյց տանք մի քանի օրինակով:

Հայոց պատմական անցեալի մասին շատ հետաքրքիր խորհրդածութիւններ ու ընդհանրացումներ են գտնւում ԱրսԷն Թոխմախեանի մոռացուած երկերում։

«Հին հայերը, ասում է Թոխմախեանը, ինչպէս մի ազգ, մի հայրենեաց որդի, երբէք չեն ապրել, երբէք չեն թագաւորել։ Նրանք բաժանուած են եղել բազմաթիւ ցեղերի, որոնք անդադար կրծել, մաշել են իրար... Նախնի հայերը քաղաքականապէս չեն ապրել ինչպէս մի ագգ, ինչպէս մի կառավարչական մարմին... Համազգային գաղափարով ապրելու դարեգլուխը կարելի է այն թուականից համարել, երբ մեր նախարարական, թագաւորական ցեղերը ջնջուել, վերջացել են մեր միջից, թող անելով մինչև այժմ շարունակուող տխուր հետևանքները» [1]

Որ հին հայերը քաղաքականապէս երբէք չեն ապրել միացած, իբրև մի հայրենիքի՝ կենտրոնացած պետութեան ժողովուրդ, որ նրանց համար համազգային գաղափարը պետական իմաստով խորթ է եղել ու անմատչելի, այդ միանգամայն ուղիղ է և ճշմարիտ։ Սակայն սխալ կը լինի, յենուելով այդ տեսակէտի վրայ կարծել, որ հայութիւնը իր պատմական անցեալում չէ եղել ազգային մի ամբողջութիւն և չէ ապրել համազգային գաղափարով, իբրև կուլտուրական ուրոյն մի խմբակցութիւն ։ Ուղիղ է, նախարարական կազմակերպութիւն ունեցող Հայաստանը չէ կարողացել քաղաքականապէս զարգանալ, հասունանալ և դառնալ պետական հզօր ու անանջատ մի միութիւն։ Բայց կուլտուրական իմաստով հին Հայաստանում ևս հայութիւնն ապրել է համազգային գաղափարով և գիտակցել իրան միայար ու միախումբ ազգութիւն։ ԱրսԷն Թոխմախեանի ընդհանրացումը կարելի է ընդունել վերապահութեամբ,

  1. Արսէն Թոխմախեան. «Մասիս լեռների հարաւային ստորոտներ», Թիֆլիս, 1882, Ա. գրքոյկ, եր. 21 և 23: