Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ագգ» և «ժողովուրդ» բառերի նշանակութիւնը։ Քանի որ հայերս «ազգ» ենք, լինելով պատմական-կուլտարական մի խմբակցութիւն, նոյն բառը չը պէտք է անշուշտ գործ ածենք պետական միութիւնների համար:

Թիւրքահայը, ռուսահայը և պարսկահայը պատկանում են հարկաւ պատմական-կուլտուրական հայ ազգային խմբակցութեան, բայց միևնոյն ժամանակ «ժողովրդի» մաս են Ռուսաստանի, Թիւրքիայի կամ Պարսկաստանի: Կուլտուրական խմբակցութեան իմաստով զուիցարական ազգ բնաւ գոյութիւն չունի, այլ կայ Զուիցարիայի Ժողովուրդ, որի բաղադրեալ մասերն են գերմանական, ֆրանսիական և իտալական ազգերը։ Եթէ այդ երեք տարբեր կուլտուրական խմբակցութիւնները քաղաքականապէս յարել են Զուրիցարական դաշնակցութեանը, իբրև պետական ուրոյն ամբողջութեան, այդ հանգամանքը միայն ցոյց է տալիս, որ կուլտուրական այլազան խմբակցութիւններն ընդունակ են պետականապէս միանալու, երբ պետութիւնը երաշխաւորում է այդ խմբակցութիւնների քաղաքական ազատութիւնը և ապահովում նրանց կուլտուրական ազատ ու ինքնորոշ զարգացումը: Յամենայն դէպս՝ սխալ է կարծել, որ անցեալով, պատմական յիշողութիւններով ու քաղաքական կազմակերպութեամբ սերտ ու կուռ ի մի զօդուած ազգերի այն համախմբումը, որ գոյութիւն ունի Զուիցարիայում, կազմում է ինքնին ազգային ուրոյն մի միութիւն, զուիցարական մի ազգութիւն: Այդ սխալի գլխաւոր պատճառն «ազգ» բառի վերոյիշեալ երկմիտ գործածութիւնն Է: «Ազգ» են ծագումով, լեզուով և կուլտուրական առանձնայատկութիւններով իրարից տարբերուող Զուիցարիայի բնակչութեան գերմանական, ֆրանսիական ու իտալական հատուածները։ Բայց այդ հատուածները, իբրև պետական մի միութիւն, դարձեալ ազգ անուանելը լեզուական ու տրամաբանական մի թիւրիմացութիւն է և անթոյլատրելի մի վրիպումն։

Հռոմայեցիները, որ աշխարհածաւալ պետութիւն էին ստեղծել, «gens» կամ «natio», այսինքն «տոհմ» կամ «ազգ», անուանում էին ծագումով, լեզուով համասեր ցեղերը, իսկ պետական կապերով միացած՝ կայսրութեան համայն բնակչութիւնը կոչում էին «populus Romanus», այսինքն՝ «Հռոմէական ժողովուրդ», և ոչ թէ «Հռոմէական ազգ»։ Հին Հայաստանում «ազգ» կամ «ազն» բառը նոյնանիշ է «տոհմ» և «զարմ» բառերի, և ինչպէս լատիներէն «nation» ու «gens» բառերը, գործ է ածւում ընդհանուր ծագում ունեցող ազգախառն արիւնակիցների համար, ինչպէս «ազգն Արծրունեաց», «ազգն Արշակունեաց» և այլն։ Լատիներէն «populus» բառը, որի տակ հասկացւում էր Հռոմէական կայսրութեան բնակչութիւնը, իբրև պետական մի ամբողջութիւն, չունի իրան համապատասխանող բառ հին հայերէնում: «Ժողովուրդ» բառը, որ այժմ նոյնանիշ է «populus» բառի, նախնի հայերէնում գործ է ածուել գլխաւորապէս իբրև եկեղեցական տերմին։ Հին Հայաստանը բաժանուած լինելով նախարարութիւնների և «աշխարհների», քաղաքականապէս երբէք չէ կազմել պետական սերտ ու անանջատ մի միութիւն, եւ շատ բնական է, որ այնտեղ գոյութիւն չէր կարող ունենալ «populus» բառի իմաստով որոշ գաղափար։ Խիստ բնորոշ է այն հանգամանքը, որ հայ պատմագիրները հանուր հայութեան մասին խօսելիս գործ են ածում մեծ մասամբ աշխարհագրական տերմիններ, ինչպես՝ «Հայաստանեայք», «աշխարհն հայոց», «երկիրն լեզուին Թորգոմեան աշխարհին», և կամ ստիպուած են լինում