Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փորձութեան ժամին

Երկու տարի եղաւ, որ հայութիւնը մատնուած է ծանր պատուհասների ու արհաւիրքների: Տէրերը կռւում են, իսկ հայութիւնը ոտնակոխ՝ օրհասական օրեր է ապրում։ Պատերազմը հայութեան նման ազգերը չեն, որ յայտարել են, և հայութեան նման ազգերի համար չէ, որ մղւում է: Մենք և մեր նմանները կարող ենք միմիայն դարդ լինել ուրիշի յաղթական թափօրին, բայց ոչ նպատակ նրա ճիգ ու ջանքի՝ կեանք և ազատութիւն պարգևելու ճնշուածին ա հալածուածին: Մեր խելահասութիւնից ու շնորհքից էր կախուած խուսափել վտանգաւոր փորձութիւնից, գործիք չը լինել ճարպիկ ձեռքերում, և դա էլ հնարաւոր էր, եթէ մենք օժտուած լինէինք հաւաքական գիտակցութեամբ ու կամքով, եթէ մենք իրօք ազգ կազմէինք, այլ ոչ ազգութեան տենչացող մի անկերպարան զանգուած: Մեր հասարակական խոցն այն էր, որ մենք իբրև սոցիալական մարմին ոչ բռնած ունէինք սանդուխքի վարի աստիճանը, երբ մարդ ապրում է տարերային կեանքով, չի առաջադրում իրան հաւաքական գոյութեան բարձր նպատակներ, համայնապարփակ քաղաքականութիւն չի վարում և համայնօրէն չի վտանգում իր գոյութիւնը կամ ապահովում այն, և ոչ էլ գրաւել էինք այդ սանղուխքի կատարը, երբ ազգը, բարդ կառուցուածք ունենալով, մի է իր կամքով, իր հաւաքական գոյութեան մտահոգութիւններով ։ Մեր հաւաքական կազմակերպութեամբ ու զօրութեամբ իբրև ուրոյն ազգութիւն մենք ազատագրուել էինք ցեղին յատուկ յատկութիւններից, բայց չէինք օժտուել ազգի առաքինութիւններով ու բարեմասնութիւններով, ուստի և փորձութեան ժամին չը կարողացանք հրապարակ հանել հասուն ազգից պահանջուող քաղաքականութիւն, որ ապահովում է ազգի ֆիզիքական գոյութիւնը և պայծառ հեռանկարներ բանում նրա առաջ, այլ սխալ քայլերով աւելի վար իջեցրինք մեր գլխին պահած սուրը և մինչև վերջը խոնարհուեցինք նրա հարուածների տակ։

Սակաւարիւն էինք, իսկ հիմա արիւնաքամ ենք եղել։ Մեզ չարիք նիւթող ոյժը մեր կամքը չէր հարցնում իր արիւնոտ աշխատանքի համար, սակայն հնարաւոր է ասել, որ մեր կամքը ազատ է մեղադրանքից։ Ինչու՞ այնպէս եղաւ, որ հայութիւնը չը բանեցրեց օձի խորագիտութիւն և աղաւնու միամտութիւն, այլ քաղաքական տհասութիւնը ընդգրկեց իբրև վայրկեանին պատշաճ իմաստութիւն և այդ պատճառով տուժեց ծանրապէս և հիմա անդունդի ծայրին է կանգնած։

Դիմենք պատմութեան:

Ամբողջի հասկացողութիւնը մեր պատմական անցեալում հանրական չը դարձաւ: Ընդհակառակը, պարտիկուլիարիզմը եղաւ մեր ազգային բնորոշ յատկութիւնը։ Ուժեղ, հաւաքող և կենտրոնաձիգ պետական մարմին մենք չունեցանք։ Մի համայնապարփակ կազմակերպութիւն միայն ստեղծեց հայութիւնը իր դարաւոր գոյաթեան ընթացքում, դա եկեղեցին էր. սակայն այդ կազմակերպութիւնն էլ աւելի ընդհանրական էր իբրև տենչանք, ձգտում, հնարաւորութիւն, քան իրողութիւն և փաստ: Գաղտնիք չէ, որ եկեղեցին