Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր մէջ ունեցաւ մի քանի հակամարտ կենտրոններ։ Էջմիածինը յաղթանակեց իբրև կենտրոնների կենտրոն, սակայն այն էլ իրողութիւն է, որ Մայր Աթոռի գերիշխանութիւնը ինքնին մի շոշափելի մեծութիւն չէ և բարոյական հեղինակութիւնից դէնը չի անցնում։

Մեր ազգային պարտիկուլիարիզմը հարկաւ չէր բղխում հայութեան այս կամ այն հատուածի, այս կամ այն ղեկավար ոյժի չար կամքից: Ո՛չ, պարտիկուլիարիզմը բղխում էր (և այսօր էլ բղխում է) նրանից, որ հայութիւնը ինքնամփոփ տնտեսութիւն չըստեղծեց, մի ազգային տնտեսութիւն, որը շաղկապէր ազգի անդամներին կամ գոնէ նրա տիրող խաւերին, դրդելով նրանց մտահոգալու ամբողջի շահերի մասին, ամբողջի մէջ գտնելով փոխադարձ ապահովութիւն և բարգաւաճման երաշխիք։ Քանի հասարակական այդ կացութիւնն ապրեց հայութիւնը իր քաղաքական դալուկ անկախութեան օրերին, ապա հասկանալի պիտի լինի, որ պարտիկուլեարիզմը աւելի թափ ստացաւ նրա մէջ, երբ հայ-հայրենիքը բաժին դարձաւ օտար նուաճողների, երբ մարեց մեր նախնիքների մէջ ազատ քաղաքական գոյութեան ոգին և ամեն մի հայ սկսեց մտահոգալ փրկելու իր գլուխը և իր ստացուածքը։ Հայութիւնն սկսեց առատօրէն հարկ տալ բուսական կեանքին, ուստի հաւաքական ամբողջի հասկացողութիւնը դալկացաւ նրա մէջ կամ իսպառ անհետացաւ նրա երկնակամարից։

Ւնչո՞ւ պրպտենք հեռաւոր անցեալի խորքերը։ Նայենք մեր երէկին և այսօրին։ Տեսնենք, թէ ի՞նչ բնոյթ ստացաւ ամբողջի հասկացողութիւնը մեր վերջին դարի պատմութեան ընթացքում։

Ահա մի դար է, որ այսպէս կոչուած ռուսահայերս ապրում ենք միևնոյն պետութեան գոգում և միևնոյն քաղաքական ու քաղաքացիական պայմանների մէջ, սակայն այդ մի դարի համայնակեցութիւնից յետոյ էլ հայութեան զանազան հատուածների մէջ աւելի շատ խօսում է Ղարաբաղի, Շիրուանի, Երևանի և այլ խանութիւնների նախկին բնակիչը, քան թէ միատարր ազգութեան անդամը։ Մեզ դեռ չի յաջողուել ընդհանուր խօսակցական ու գրական լեզու ստեղծել. ըստ մեծի մասին տեղական բարբառն է թագաւորում մեր մէջ: Այսպէս է լեզուի գրութիւնը հայերէն արտայայտողների մէջ: Բայց մի դարեան ընդհանուր կեանքից յետոյ էլ դեռ մենք ունենք բազմաթիւ ազգակիցներ, որոնց համար խորթ է մայրենի լեզուն, իսկ ընտանի՝ վրացերէնը, նոյնիսկ թուրքերէնը։ Աւելին. մեր վերջին դարի պատմութիւնը հայութիւնից օտարացրել է մի խոշոր հատուած՝ ազգի ունևոր դասը և մտաւորականութեան մի մասը, որոնց համար ռուսերէնն է դարձել ընտանի բարբառ։ Մեր կացութիւնն այս պատկերն ունի ոչ միայն լեզուի բնագաւառում։ Հայերս իրարու խորթ ենք մեր վարք ու բարքի, մեր բարոյական հասկացողութիւնների, մեր նիստ ու կացի մէջ։ Մի դարի ընդհանուր կեանքը կարողացել է տալ ազգաշինութեան և ազգահաւաքման ազդանշաններ, բայց չի կարողացել այդ գաղափարը դարձնել մասսայական ապրումի ու շահագրգռութեան առարկայ: Հայութեան ազգ դառնալը դեռ կաղապարման գործողութեան մէջ է, այլ ո՛չ իրողութիւն, ո՛չ փաստ։ Կան շատ տուեալներ, որ հայութեան հաւաքման գործը պիտի պսակուի կատարեալ յաջողութեամբ, բայց այսօր այդ պսակումը դեռ չի իրագործուած. այսօր հայութիւնը դեռ տառապում է իր պատմական պարտիկուլիարիզմի